211652_close_icon
views-count1106 դիտում article-date 22:07 04-02-2023

Ստեփանակերտի Մայր Տաճարում կատարվել է երեկոյան ժամերգություն և օրհնության կարգ

Այսօր՝ փետրվարի 4-ին՝ երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է երեկոյան ժամերգություն, այնուհետև՝ երիտասարդների օրհնության կարգ։

Մայր Տաճարի հոգևոր հովիվ Տեր Մատթեոս քահանա Դրավանցը, անդրադառնալով տոնի խորհրդին, ասել է. «Այսօր հավաքվել ենք եկեղեցում, որպեսզի ժամերգություն կատարենք, անենք բարեխոսությունը  Սուրբ Սարգսի, ով հանդիսանում է նաև երիտասարդների, սիրահարների հովանավոր բարեխոսը։ Նա մշտապես Աստծո առջև բարեխոսում է բոլոր նրանց համար, ովքեր իրենց հույսը կապում են Արարչի հետ։ Ուստի, այսօր հիշատակում ենք այդ տոնը և  խնդրում նրա բարեխոսությունը բոլորիս համար»։
 
Եկեղեցու հավատավոր Արթուր Գրիգորյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ տոնը մեծ նշանակություն և խորհուրդ ունի, քանզի այն դարերի խորքից է եկել։
 
«Երիտասարդության հետ կապված ամեն ինչ շատ կարևոր է, որովհետև երիտասարդությունն է հասարակության շարժիչ ուժը։ Եվ եթե այդ շարժիչ ուժն ունի Աստծո օրհնությունը, ապա կարող է անել անգամ անհնարինը»,-հավելել է Ա. Գրիգորյանը։
 
Երեկոյան ժամերգության և երիտասարդների օրհնության կարգից հետո Մայր Տաճարի բակում տեղի է ունեցել  տոնին նվիրված հոգևոր-մշակութային միջոցառում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր