211652_close_icon
views-count18411 դիտում article-date 12:25 14-01-2023

Վրաերթ Երևանում․ 27-ամյա վարորդը «Փեթակ» առևտրի կենտրոնի հարևանությամբ BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Սրագիս Ս․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում, «Փեթակ» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 45-ամյա Էդգար Մ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն․ և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել հետիոտնին, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Գալստյանն ու Նաիրի Ստեփանյանը։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր