211652_close_icon
views-count75870 դիտում article-date 13:33 09-01-2023

Առանձնակի դաժանությամբ սպանություն Կապանում. 30-ամյա տղամարդը իր հորեղբորը ծեծի ենթարկելուց հետո հետքերը թաքցնելու համար նրան անկողնում այրել է, Սյունիքի մարզի ոստիկանների և քննիչների պրոֆեսիոնալիզմի արդյունքում իրականությունը բացահայտվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 8-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում «Կապան» ԲԿ-ից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի տներից մեկը, որտեղից մարմնի տարբեր մասերի տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, ով շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը, ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հերթապահ խումբը՝ վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կապան քաղաքի բնակիչ՝ 53-ամյա Սամվել Դ-ն է։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա առկա են եղել բռնության հետքեր՝ կտրած-ծակած վերքերիկ տեսքով։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Կապանի բաժնի և Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչների օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում զարհուրելի սպանությունը տաք հետքերով բացահայտվել է և նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով հայտնաբերվել ու ոստիկանության Կապանի բաժին է տեղափոխվել Կապանի բնակիչ՝ 30-ամյա Մհեր Դ-ն, ով այնուհետև ներկայացվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է որպես կասկածյալ։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել սպանվածի տանը։ Նրա և Մհեր Դ-ի միջև վիճաբանություն է ծագել, որի ժամանակ վերջինս ծեծի է ենթարկել Սամվել Դ-ին. ձեռքին եղած տարբեր առարկաներով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին ու տեսնելով, որ նա մահացել է, հետքերը թաքցնելու նպատակով այրել է անկողինը, որի մեջ անգիտակից վիճակում է գտնվել Սամվել Դ-ն։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանածը սպանվածի եղբոր որդին է։ 

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր