211652_close_icon
views-count85940 դիտում article-date 13:43 17-12-2022

Խոշոր ավտովթար Երևանում․ Հյուսիս-Հարավ մայրուղում բախվել են 2 BMW ու 06-ը. վերջինս հայտնվել է շինհրապարակում. կան վիրավորներ, որոնց առաջինն օգնության են հասել «Defanse Housing» նոր կառուցվող թաղամասի անվտանգության աշխատակիցները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նոր մայրուղու միջնամասում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Արամ Հ․-ի վարած VAZ 2106 մակնիշի, Երևանի բնակիչներ 35-ամյա Սարգիս Ի.-ի վարած BMW մակնիշի և 24-ամյա Արտավազդ Ե.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սարգիս Ի․-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 29-ամյա Գաբրիել Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, նշված ճանապարհին «Defanse Housing» բնակելի նոր կառուցվող թաղամասի անվտանգության աշխատակիցներն ու Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։ 

Օպերատիվ են գործել բժիշկների շտապօգնության խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Վիրավորներին շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել հրշեջ-փրկարարները, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել 2 ավտոմեքենայի գազի արտահոսքը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ BMW-ներից մեկը բախվել է 06-ին, վերջինս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող թաղամասի անվտանգության համար տեղադրված թիթեղյա պարսպին, կոտրել այն և հայտնվել շինհրապարակի տարածքում, բախվելով քարերին։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով՝ Հ․ Մարգարյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր