211652_close_icon
views-count873 դիտում article-date 12:02 07-12-2022

«Հայաստան» խմբակցությունը կողմ է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ներդրմանը

Պրոֆեսիոնալ բանակի անցման խնդիրը նոր գաղափար չէ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայացման սկզբից էլ այն քննարկվել է, որը վերաբերվում է ոչ միայն զինված ուժերի համալրմանը, այլ նաև անձնակազմի և սպառազինության խնդիրների լայն և համապարփակ խնդիրների լուծմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովի նիստին այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, ելնելով մեր ժողովրդագրական խնդիրներից, դեռևս երկար ժամանակ խառը համալրման սկզբունք ուներ՝ և պայմանագրային, և ժամկետային ծառայություն։ Ակնհայտ է, որ երկար տարիներ պայմանագրային ծառայության ներդրման մեջ նաև սոցիալական խնդիրներ ենք լուծել։ Ուզում եմ տեղեկացնել, որ հատկապես սահմանային բնակավայրերում պայմանագրային զինծառայողները երկու խնդիր են իրականացրել։ Առաջինը՝ իրենց սահմանների պաշտպանությունը, համալրելով տվյալ տարածքների զորամասերը, և երկրորդը՝ սոցիալական խնդիր են լուծել՝ զբաղվելով գյուղատնտեսությամբ, նաև համապատասխան աշխատավարձ ստացել»,- ասաց Օհանյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ժամկետային զինծառայողը 6 ամիս ուսումնական գործընթացը անցնելուց հետո կարող է ընտրել պայմանագրային ծառայությունը։

«Ես եմ»-ը, «Պաշտպան հայրենյաց»-ը զինված ուժերի համալրման ռազմավարության մեջ ժամկետային ծառայությունից պայմանագրային ծառայության անցնելու կետը պետք է լինեն։ Այս օրենսդրական փոփոխությանը «Հայաստան» խմբակցությունը կողմ կքվեարկի»,- եզրափակեց Օհանյանը։

Պաշտպանության նախարարությունն առաջարկել է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որն անվանվելու է «Պաշտպան հայրենյաց» ծրագիր։ Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո Կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով հինգ տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս՝ նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք։ Ի դեպ, պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որը տնօրինելու է իր հայեցողությամբ։ Պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման օրենքով սահմանված կարգով և դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի, խմբի համար նախատեսված հավելավճար։

Նմանատիպ նյութեր