211652_close_icon
views-count350 դիտում article-date 11:38 06-12-2022

Ես առաջնորդվելու եմ միմիայն օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքներով․ ԲԴԽ անդամի թեկնածու Հայկ Գրիգորյան

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Հայկ Գրիգորյանը վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում առաջնորդվելու է միայն օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գրիգորյանն այս մասին ասաց ԱԺ նիստում իր թեկնածության հարցի քննարկմանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց՝ ընտրվելով ԲԴԽ անդամ՝ Գրիգորյանն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու՝ կանխարգելելու, արգելելու միջամտությունները դատական  իշխանության գործերին, ապահովելու անկախ դատական համակարգ, այդ թվում՝ գործող իշխանություններից:

Գրիգորյանը կարծում է, որ ԲԴԽ անդամն ունի ներազդելու մեկ եղանակ: «Դա արդար քվեարկությունն է: Այն բոլոր դեպքերում, երբ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կամ լիազոր մարմնի կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կհարուցվեն կարգապահական վարույթներ և կներկայացվեն ԲԴԽ-ի քննարկմանը, միանշանակ արդար քվեարկության միջոցով, օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքով, օգտագործելով իմ ձայնը, քվեարկելու եմ անաչառ՝ ի շահ իրավունքի գերակայության»,-ասաց ԲԴԽ անդամի թեկնածուն:

Պատգամավորը հավելեց՝ այսինքն կարելի՞ է վստահաբար պնդել, որ ընտրվելու դեպքում ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանն առաջնորդվելու է միայն օրենքով, անաչառությամբ և ներքին համոզմունքներով, որոնք հիմնված են օբյեկտիվ հանգամանքների վրա:

Գրիգորյանը վստահեցրեց. «Միանշանակ, ես իմ պարտականությունների կատարման ընթացքում առաջնորդվելու եմ միմիայն օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա»:

Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում Հայկ Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: