211652_close_icon
views-count749 դիտում article-date 11:17 06-12-2022

Խնդիրը PR-ի մեջ է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Երկիր մեդիա» ընդդիմադիր՝ Հայ հեղափոխական դաշնակցությանը հարող հեռուստաընկերությունը, ըստ ամենայնի, զրկվելու է հանրապետական սփռման արտոնագրից: Այդպիսի որոշում է ընդունել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, այսպես կոչված, մրցույթի արդյունքում: Այնպես չի, որ ես այդ կուսակցության համակիր եմ՝ ազգայնական գաղափարախոսությունն ինձ սրտամոտ չէ: Բայց, ազատական լինելով, ես կողմ եմ, որ Հայաստանում հնչեն տարբեր ձայներ, քարոզվեն տարբեր գաղափարներ, արտահայտվեն տարբեր՝ իշխանամետ եւ ընդդիմադիր հայացքներ:

Անցած շաբաթ ՀՌՀ ընդունած որոշումն ինձ համար անսպասելի չէր: Հանձնաժողովի ներկայիս անդամները բազմիցս հանդես են եկել կրքոտ իշխանամետ ելույթներով՝ «նախկինների թալանի» եւ այլնի մասին, այսինքն՝ հնչեցրել են իշխանության քարոզչական թեզերը: Դրանից հետո դժվար է ակնկալել, որ հանձնաժողովը կընդունի օբյեկտիվ, չքաղաքականացված որոշում:

Հիշեցնեմ՝ երբ 2002 թվականին եթերից էր զրկվում «Ա1+»-ը, Քոչարյանին լոյալ լրատվամիջոցներն, ըստ էության, սատարեցին այդ որոշմանը՝ հայտարարելով, որ խոսքի ազատությանը ոչինչ չի սպառնում: Այդպես վարվեցին բոլոր հեռուստաընկերությունները՝ բացի «Երկիր մեդիայիից»: Պատճառը, հավանաբար, այն էր, որ 1990-ական թվականներին դաշնակցական մամուլն արդեն առնչվել էր լրատվամիջոց փակելու հակադեմոկրատական պրակտիկային: Իշխանությունները 30 տարվա ընթացքում պարբերաբար փոխվում են, իսկ գործելակերպը մնում է նույնը, եւ պատմությունը հիմնականում կրկնվում է:

Կրկնվում է, բայց՝ ոչ ամբողջությամբ: Քոչարյանի կողմից «Ա1+»-ի փակումը մեր քաղաքացիների մեծամասնության մոտ արդարացի ցասում էր առաջացրել: Իսկ «Երկիր մեդիայի» դեպքում շատերը մեկնաբանություններում գրում են՝ «լավ են արել», «վաղուց պետք էր փակել»: Այդ առիթով թույլ տվեք մի անեկդոտ հիշեցնել: Առնետը հարցնում է գերմանամկանը (хомяк-ին)՝ «ինչո՞ւ են բոլորն ինձ ատում, իսկ քեզ՝ գուրգուրում, չէ՞ որ մենք բարեկամներ ենք»: Գերմանամուկը պատասխանում է՝ «ամբողջ խնդիրը PR-ի մեջ է»: 

Եկեք արժանին մատուցենք այսօրվա իշխանություններին՝ PR-ը նրանց մոտ լավ է ստացվում: Դա հեշտ է հատկապես այն դեպքում, երբ կա «նախկինների» միֆը, որով կարելի է ծածկել ամեն ինչ: Լրատվամիջո՞ց ենք փակում, բայց Քոչարյանը դա ավելի կոպիտ էր անում: Մենք բարեկամներին հնարավորություն ենք տալիս խոշոր պետական տենդերնե՞ր շահելու, բայց տեսեք՝ նախկինների բարեկամները նույնպես շահում են, հետն էլ վատ են աշխատում: Մենք Հանրապետության հրապարակի շենքերի պատերը ծակծկում ենք, բայց նախկիններն էլ էին ծակում:

Կարեւոր չէ, որ այդ բոլոր փաստարկների մեջ որեւէ տրամաբանություն չկա՝ եթե ես վատ բան եմ անում, ապա նախկինում արված վատ բաները դրա արդարացումը չեն: Կարեւոր է, որ դա համոզիչ հնչի զանգվածների համար: Քաղաքականության մեջ արվում է ոչ թե այն, ինչ լավ է, ճիշտ է, բարոյական է, այլ այն, ինչ արդյունավետ է: Ինչպես ասում են ցինիկ ռուս փիառշիկները՝ «пипл хавает»»։

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։