211652_close_icon
views-count751 դիտում article-date 09:27 06-12-2022

Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում որակվել են «բարբարոսություն»․ «Ամերիկայի ձայն»

Արևմտյան տերությունները Ռուսաստանի կողմից հարևան Ուկրաինայում շարունակվող պատերազմը բարբարոսություն են որակել: Ձմեռային ցրտերին Կրեմլը ավելացնում է հարձակումները ուկրաինական կարևոր ենթակառուցվածքների վրա: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Խերսոնում գիշերային ուժեղ հրթիռակոծություններից հետո մոլեգնում են հրդեհներ։ Հարձակումները հարավային ուկրաինական այս քաղաքի վրա, որը նախկինում օկուպացված էր ռուսական ուժերի կողմից, ուժեղացան, երբ ուկրաինական բանակը շաբաթներ առաջ ազատագրեց այն: Այստեղ բուժաշխատողները փրկում են մի տուժածի, ով պատմում է, որ իր տան մի հատվածը ոչնչացված է:

Խերսոնի բնակիչները մնացել են առանց էլեկտրականության, ջեռուցման և ջրի, իսկ ջերմաստիճանը դրսում շատ ցածր է: Նահանջող ռուսական ուժերը վնասել են այստեղի կարևոր ենթակառուցվածքների մեծ մասը, սակայն ուկրաինացիներն ասում են, որ նրանք մասնակիորեն վերականգնել են էլեկտրական ցանցերը: Միևնույն ժամանակ, արևմտյան տերությունները դատապարտեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մարտավարությունը Ուկրաինայում:

Վերջերս Ինդոնեզիայում 20 խոշորագույն տնտեսությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը միասնաբար հանդես եկան՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը բարբարոսություն անվանելու համար և կոչ արեցին վերջ տալ դրան: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին ևս այս գործողությունները որակել է «բարբարոսություն»:

Այդ նույն գագաթնաժողովին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեղադրել է Ուկրաինային՝ պատերազմը դադարեցնելու համար անիրատեսական նախապայմաններ առաջ քաշելու մեջ։

Անցյալ շաբաթվա վերջին Մեծ յոթնյակի երկրները և Ավստրալիան միավորվեցին Կրեմլի վրա նոր ճնշում գործադրելու հարցում՝ ռուսական նավթի վերին շեմը սահմանելով 60 դոլար մեկ բարելի դիմաց: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, որին մեջբերում է Reuters լրատվական գործակալությունը, ասել է, որ Մոսկվան չի վաճառի նավթ արևմտյան տերությունների գնի սահմանաչափով, նույնիսկ եթե ստիպված լինի կրճատել արդյունահանումը:

Միևնույն ժամանակ, անցյալ շաբաթ եվրոպական վեց երկրներում Ուկրաինայի դեսպանատներն ու հյուպատոսությունները հայտնել են, որ ստացել են արյունոտ փաթեթներ են սպանված կենդանիների աչքերով: Իսկ Իսպանիայի ոստիկանությունը պայթեցրել է Մադրիդում ԱՄՆ դեսպանատանը հայտնաբերված կասկածելի մի ծրար: Իշխանությունները ասում են, որ ռումբը վերջերս հայտնաբերված մի քանի ռումբերից մեկն է: Երկրի վարչապետ Պեդրո Սանչեսըն ասել է, որ իրավապահները դեռևս տեղեկություն չեն հայտնել կասկածյալների անունների վերաբերյալ և ուժեղացրել են հասարակական շենքերի անվտանգությունը:

Այդ ընթացքում Մադրիդում ուկրաինական դեսպանատանն ուղարկված նամակը պայթել է այն բացելուց հետո, ինչի հետևանքով մեկ աշխատակից վիրավորվել է: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կատարվածը որակել է ահաբեկչություն։

Այսօր մոտ 10 ամիս անց պատերազմի բռնկումից հետո հաճախակի հնչում են կոչեր ինչպես Ուկրաինայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս ռուսական ռազմական հանցագործությունները հետաքննելու մասին: Խարկով քաղաքում, որը ռուսական հրետակոծությունների հաճախակի թիրախներից է, հիմնվել է հրթիռների և զինամթերքի գերեզմանոց՝ ապագա հետաքննության համար: Ռուսաստանը հերքել է, որ թիրախավորում է Ուկրաինայում խաղաղ բնակիչներին:

Նմանատիպ նյութեր