211652_close_icon
views-count1156 դիտում article-date 22:48 05-12-2022

Սպիտակի երկրաշարժն աշխարհում մնում է ամենաուսումնասիրվածը․ Սերգեյ Նազարեթյան

Այսօր Գյումրիի քաղաքապետարանում Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության նախաձեռնությամբ անցկացվել է «Գյումրի քաղաքում սեյսմիկ ռիսկը» թեմայով զեկուցում և աղետների ժամանակ հիմնական վարքականոնների ուսուցում։

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ, երկրահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանն անդրադառնալով Սպիտակի երկրաշարժի հետևանքներին, նշեց, որ այն համարվում է աշխարհում ամենալավ ուսումնասիրված երկրաշարժերից մեկը:

«Երկրաշաժից անմիջապես հետո Սովետական Միության հայտնի մասնագետները կատարել են հետազոտություններ, 45 երկրից ժամանել են առաջնակարգ մասնագետներ, որոնց հետազոտությունների արդյունքում հնարավոր է եղել երկրաշարժը ներկայացնել ոչ միայն էպիկենտրոն-հիպոկենտրոն, այլ՝ պրոցեսոր»,- նշում է Սերգեյ Նազարեթյանը: 

Սերգեյ Նազարեթյանի մասնագիտական դիտարկմամբ՝ 88-ի երկրաշարժի էպիկենտրոնը Սպիտակն էր, բայց ողբերգության էպիկենտրոնը Լենինականն էր՝ 12 բնակչից մեկը զոհվեց, քաղաքի 60%-ն ավերվեց, Սպիտակի` 100%-ը, Վանաձորի 30%-ը: Լենինականում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 9 բալ, իսկ Սպիտակում՝ 9-10: «Եթե երկրաշարժը 1-ին և 2-րդ ցնցումներով ավարտվեր, զոհերի թիվը շատ քիչ կլիներ` 100 կամ մեկ հազար մարդ»,- նշում է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյանը։

Նազարեթյանի խոսքով՝բոլոր բնակավայրերում զոհերի թիվը մեկ մարդու ճշգրտությամբ հայտնի է, բացառությամբ՝ Գյումրիի: Սպիտակում զոհվել է 4003 մարդ, իսկ Գյումրիում հնարավոր չէր հաշվարկ կատարել: Հետագայում էլ 5 տարբեր մեթոդներով փորձել են հաշվել զոհերի թիվը, և եկել են եզրակացության, որ 17 հազարից չի կարող անցնել նրանց թիվը։

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետի խոսքով՝ հիմա մարդիկ ավելի պատրաստված են, գիտակցական մակարդակն անհամեմատ բարձրացել է, բայց ամենակարևոր խնդիրները, որոնք ծառացած են Հանրապետության առաջ, երկուսն են՝ ուժեղացնել խորհրդային տարիներին կառուցված շենք-շինությունները և թույլ չտալ սեյսմիկ ռիսկի աճ:

«Մեր մարզի հետ կապված ասեմ, որ նորակառույց շենքերը կարելի է ասել, որ սեյսմակայուն են՝ 9 բալի հաշվարկով են արել, մենք խնդիր ունենք քաղաքի 92 վթարային շենքերի հետ, որոնք 3-4-րդ կարգի վթարայնություն ունեն»,- շեշտում է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյանը։

Մասնագետները դարձյալ հորդորում են բացառել բազմաբնակարան շենքերում ինքնակամ ձևափոխություններն ու փոփոխությունները։ Ուսումնասիրություններն են վկայում, որ 88-ի երկրաշարժի գոտիում որոշ շինությունների փլուզման պատճառ են դարձել հենց շենքերի ներքին ձևափոխությունները։ Շինարարության որակին գումարվել է նաև այն, որ բնակիչները միշտ էլ, հատկապես քարե շենքերում, ձևափոխություններ են արել առանց մասնագետների հետ խորհրդակցելու, որոնք էլ հանգեցրել են շենքի սեյսմակայունության նվազմանը: Իսկ արդյո՞ք թույլատրելի է բարձր սեյսմիկ ավտանգություն ունեցող գոտիներում 5 և ավելի հարկ ունեցող շենքերի կառուցումը։ Իր զեկույցում դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանն ընդգծեց՝ բազմահարկերի կառուցումը թույլատրելի է, եթե դրանցում պահպանված են շինարարական նորմերը։ Նշենք, որ Շիրակի մարզում վթարային շենքերի թիվն այսօր անցնում է 110-ը, դրանցից 92-ը Գյումրիում են։ 

Նմանատիպ նյութեր