211652_close_icon
views-count77766 դիտում article-date 15:26 02-12-2022

Երևանում հարձակման է ենթարկվել արցախյան պատերազմներին մասնակցած փոխգնդապետ Տիգրան Ազիզյանը, ում գլխի համար թշնամին խոշոր գլխագին էր խոստանում․ Շենգավիթի քննիչն էլ առերեսում չի կատարել կասկածյալի հետ, ում մայրը դպրոցի տնօրեն է․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 9-ին Երևանում հարձակման է ենթարկվել Երևանի բնակիչ 67-ամյա Տիգրան Ազիզյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը սովորականի համաձայն Տ․ Ազիզյանը, ով կոչումով փոխգնդապետ է, գտնվելիս է եղել իր տանը՝ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան 7 շենքի բակում, երբ նրա վրա է հարձակվել Երևանի բնակիչ Նարեկ Խաչատրյանը։

Այդ մասին SHAMSHYAN.com-ն արդեն մի քանի օր է ահազանգեր է ստանում փոխգնդապետի հարազատներից, ընկերներից ու հարևաններից, ինչպես նաև Երևանի Ա․ Խանջյանի անվան դպրոցի որոշ աշխատակիցներից։ 

Դեպքից կարճ ժամանակ անց կատարված հանցագործության մասին Տ․ Ազիզյանը դիմում է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ նյութեր են նախապատրաստվում ու դրանք փոխանցում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ արդեն քննիչ Նորայր Մարգարյանը քրեական վարույթ է նախաձեռնում։

Քննիչը բավարարվում է դեպքի վայր գալով, մի քանի լուսանկարներ անելով ու տուժողին դատաբժշկի ուղեգիր տալով։ Սակայն չգիտես ինչու՝ մինչև այս պահը քննիչի կողմից ոչ մի առերեսում չի իրականացվել մարմնական վանսվածք ստացած Տ․ Ազիզյանի և հիմնական կասկածյալի միջև, այն դեպքում, որ անգամ կա տեսախցիկի արձանագրածը, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։ 

Դեպքից օրեր անց Ա․ Խանջյանի անվան դպրոցի տնօրենը մի դարակազմիկ հրաման է արձակում, որով Տ․ Ազիզյանին, առանց նախազգուշացման, ազատում է դպրոցի ռազմագիտության ուսուցչի պարտականություններից, նրա հետ կնքված պայմանագիրը խզում է։

Այսօր դպրոցի մի քանի աշխատակիցներ, ովքեր հասկանալի պատճառներով հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Նախ զարմացանք, երբ իմացանք, որ Նարեկը համարձակվել է ձեռք բարձրացնել իր ծնողի տարիքի տղամարդու վրա։ Նամանավանդ, որ այդ անձնավորությունը մեր դպրոցի լավագույն ուսուցիչներից ընկեր Ազիզյանն է, ով իր աշխատանքային գործունեության ընթացքում միշտ բարձր է պահել մեր դպրոցի պատիվը։ Նրա շնորհիվ դպրոցը մի քանի խրախուսանքների է արժանացել։ Նրա աշխատանքային գործունեության արդյունքում մեր դպրոցի սաները միշտ փայլել են իրենց ռազական գիտելիքներով։ Բայց դե՝ տնօրենի որոշելիքն է։ Երևի՝ փորձել է այդ կերպ լռեցնել ընկեր Ազիզյանին, ում գլխի համար ադրբեջանական կողմը գլխագին էր խոստանում։ Նա իսկական ուսուցիչ է, իսկանան ծնող, իսկական հայ։ Ուղղակի՝ հիմա մեր անունները չհրապարակենք, որ տնօրենը մեզ էլ հետապնդումների չենթարկի»։ 

Ֆոտոլրագողը հայտնում է, որ այսօր Տ․ Ազիզյանի հետ զրույցում, նա ներկայացրեց իրավիճակը ու խնդրում էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, որպեսզի իր հսկողության տակ վերցնի հարուցված քրեական գործի ընթացքը, քանի որ Շենգավիթի քննչականից ոչ մի ծպտուն չկա, թե ինչ ընթացք է լինելու։

Ո՞վ է տեսել, 21-րդ դարում, տեսախցիկների առկայության դեպքում գործը տեղում դոփվի։

Իր աշխատանքին վերականգնվելու համար Տ․ Ազիզյանը նույնպես դիմել է համապատասխան կառույցներին։ 

Մանրամասները՝ տեսանյութում

SHAMSHYAN.com-ը ներկայացում է նաև ՀՀ պաշտպանության նախարարության «Հայ Զինվոր» շաբաթաթերթի լրագրող Ալիս Ալավերդյանի հոդվածը փոխգնդապետ Տ․ Ազիզյանի մասին։

Փոխգնդապետ Տիգրան Ազիզյանը ծնվել է 1955թ. Էջմիածնում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է ավտոճանապարհային տեխնիկումում, ապա զորակոչվել խորհրդային բանակ։ Այստեղ էլ սովորել է ականանետորդի մասնագիտությունը։

Բանակից վերադարձավ, անցավ աշխատանքի, ու մտքի ամենահեռավոր ծայրով իսկ չէր անցնում, որ երբևիցե բանակում ձեռք բերած մասնագիտությունը պետք կգա։

1988թ. Հայաստան աշխարհը խառնվեց, փոթորկվեց։ Սահմանային գոտիներում, Արցախում իրավիճակը կտրուկ սրվեց, ու պահեստի նախկին սպան (1981թ. սպայական կոչում էր ստացել), այն ժամանակ չորս երեխաների հայրը (հինգերորդը ծնվեց 1995-ին) կամավորագրվեց ազգային պայքարին։ 1992թ. նոյեմբերին արդեն N զորամասի ականանետային մարտկոցի ավագ սպա էր, 1993թ.` զորամասի ականանետային մարտկոցի հրամանատար առաջին հրաձգային գումարտակում, 1995թ.՝ նույն գումարտակի շտաբի պետ։ Փոխգնդապետն ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ հարավարևելյան սահմանների՝ Խնձորեսկի, Շուռնուխի, Լաչինի պաշտպանությանը, ինչպես նաև Կուբաթլուի ազատագրմանը, որից հետո Զանգելան, Ջաբրայիլ…

…Թշնամու հակատանկային մի հրանոթ մերոնց չափազանց նեղություն էր պատճառում։ Տիգրան Ազիզյանը խորհրդային բանակից սովորած մասնագիտության շնորհիվ հրանոթը շարքից հանեց, ու հենց այդ պահին լսվեց ադրբեջանցիների վայնասունը՝ «շեյթան, շեյթան», ու այդ օրվանից տղերքը Տիգրանին կնքեցին Շեյթան մականունով։

-Սկզբում նեղվում էի, բայց երբ լսեցի, թե իմ զինվորներից մեկը մյուսին քաջալերելու համար ասում է՝ «ինչի՞ ես վախենում, մեր հրամանատարը Շեյթանն է», ի՞նչ արած, հաշտվեցի թրքահունչ անվանս հետ,- ժպիտով հիշում է Ազիզյանը։

Խուդափերինի ազատագրման ժամանակ Տիգրանը վիրավորվեց, հասցրին հոսպիտալ, սակայն այդտեղից հացի մեքենայով փախել, եկել-հասել էր դիրքեր. ջահել տղաներ էին, մենակ չէր կարող թողնել (տղերքը շատ էին զարմացել, ուրախացել ու ոգևորվել) ու այդպես վիրավոր կռվել էր մինչև մարտական գործողության հաջող ավարտը։

-Հիմա ուրիշ ժամանակներ են, ուրիշ հարաբերություններ, մարդիկ ավելի եսակենտրոն են դարձել, շահը հաղթում է մարդկային ամեն ինչի։ Իսկ պատերազմի ժամանակ ուրիշ էր՝ ամեն մեկը ընկերոջ կյանքն ավելի բարձր էր գնահատում։ Ավագներս հատկապես կրտսերների համար դողում էինք՝ 18-20 տարեկան տղերք էին՝ կյանքը կարգին չտեսած, կյանքը չվայելած, կյանքի կարոտ…

1994թ. հունվարն էր, թեժ կռիվներից մեկի ժամանակ։ Ուսումնական բրիգադի զինվորները չէին հասցրել մի կարգին նախապատրաստվել, նրանց համար պատերազմը երևի կռիվ-կռիվ կինո էր։, Հակառակորդն անընդմեջ կրակում էր։ Տղաներից մեկը՝ Տիգրան Խաչատրյանը, անհամբեր գլուխը վեր բարձրացրեց, ու գնդակը խոցեց աչք-քունքային հատվածը։ Վիրավոր, սարսափած, արյան մեջ կորած ու ցավից գոռալով վազում էր թշնամու ուղղությամբ։ Հասա տղայի հետևից, գետնեցի, մարմնովս ծածկեցի նրան ու մխիթարանքի բառեր չէի գտնում։ Անզորությունից լաց էի լինում…

Ու հիմա էլ, այսքան տարիներ անց, թշնամու ահուսարսափ Շեյթանը հուզվել էր երեխայի պես։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր