211652_close_icon
views-count730 դիտում article-date 22:47 01-12-2022

Սյունիքի մարզպետը և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են սահմանային բնակավայրերի առաջնահերթ խնդիրները

Նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին եւ Գորիսի ենթապատվիրակության ներկայացուցիչներին։ Տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեության 30 տարիների, նաեւ մարզային իշխանության հետ սերտ ու համագործակցված աշխատանքի համար։ Ռոբերտ Ղուկասյանը կարեւորել է Սյունիքում կազմակերպության ներկայությունն ու նրա իրականացրած ծրագրերի դերը մարզի բնակիչների կյանքում։

2020-ի պատերազմից հետո, ելնելով կարիքներից, կոմիտեն ենթապատվիրակություն հիմնեց նաեւ Գորիսում՝ այսպիսով ավելի մոտ գտնվելով Սյունիքին ու առավել ակտիվորեն իրականացնելով ծրագրեր՝ ուղղված տեղահանված անձանց խնդիրներին, առողջապահական, հումանիտար ոլորտներին եւ այլն։

Թիերի Ռիբոն ամփոփ ներկայացրեց (իրենց ունեցած միջազգային մանդատի շրջանակներում) ՀՀ-ում 30-ամյա աշխատանքի ուղղությունները, նաեւ ապագա գործունեության տեսլականը։ Նշվեց, որ Սյունիքում հատկապես ուշադրության կենտրոնում են սահմանային բնակավայրերը, որպեսզի աջակցեն մարդկանց շարունակել ապրել այնտեղ, որտեղ որ հիմա են։

Պարոն Ռիբոն նաեւ ողջունեց մարզային իշխանության նախաձեռնությունը, որը կյանքի կոչվեց վերջերս կայացած աշխատաժողովով՝ համախմբելով Սյունիքում գործող բոլոր միջազգային կառույցներին ու հիմք դնելով այստեղ նրանց համակարգված աշխատանքին։

Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրեց տարբեր ոլորտներում այն մարտահրավերները, որոնց բախվում են մարզի բնակիչները 2020-ի, ինչպես նաեւ 2022-ի սեպտեմբերի պատերազմներից հետո։

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ ԿԽՄԿ-ի առաքելության շրջանակի մի շարք գործընթացներ, մասնավորապես, անդրադարձ կատարվեց գերիների, անհայտ կորածների ճակատագրին, վերադարձողներին ցուցաբերվող հոգեբանական եւ այլ աջակցությանը։

Նմանատիպ նյութեր