211652_close_icon
views-count1215 դիտում article-date 15:04 30-11-2022

Ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն ու խաղաղության համաձայնագիրը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասին՝ նշելով, որ Միացյալ Նահանգները խորապես ներգրավված է տարածաշրջանում, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություննների կարգավորման գործընթացում:

«Ես պետք է ասեմ, որ խորապես ներգրավված ենք այս գործընթացում, շատ շահագրգռված ենք խաղաղության համաձայնագրի ապահովման հարցում, և մենք կշարունակենք ուղիներ փնտրել նախարարների և առաջնորդների հանդիպում կազմակերպելու համար:

Գաղտնիք չէ, որ մենք շատ սերտորեն աշխատում ենք ԵՄ-ի մեր գործընկերների հետ այս հարցում, նաև, մեծապես աջակցելով սահմանին ԵՄ ջանքերին, դիտարկում ենք ԵԱՀԿ-ի գործիքակազմի տեղակայումը, որը Հայաստանի խնդրանքով հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղակայել է կարիքների գնահատման թիմ:

Մեր նպատակը պարզ է. մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ սահմանազատված տեսնել սահմանը: Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ տեսնել խաղաղության համաձայնագիրը երկու կողմերի միջև, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը վերադառնան տարածաշրջան, հարգվեն մարդու իրավունքները և այս տարածաշրջանում ապրող բոլոր անհատների անվտանգությունը, և մենք կարողանանք Հարավային Կովկասի պատմության մեջ նոր էջ բացել: Ակնհայտ է, որ այդ վերջնական վիճակին հասնելու համար որոշ ժամանակ կպահանջվի, բայց մենք պարտավորվում ենք անել ամեն ինչ՝ աջակցելու այդ արդյունքին», - ասել է նա:

Նմանատիպ նյութեր