211652_close_icon
views-count886 դիտում article-date 21:03 29-11-2022

Քաղաքապետերի դաշնագիրը նշում է Արևելյան գործընկերության տարածաշրջանում իր գործունեության 10-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Իր արդյունավետ աշխատանքի տասը տարիների ընթացքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (ՔԴ՝ Արևելք) նախաձեռնությունը միասնական հարթակ է ծառայել Արևելյան գործընկերության (ԱլԳ) վեց երկրների գրեթե 500 համայնքների շահագրգիռ կողմերի, տարածքային իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և հանրույթների համար: Հաշվի առնելով, որ տվյալ համայնքներում բնակվող ընդհանուր բնակչության ավելի քան 42%-ը հավատարիմ է «ՔԴ՝ Արևելք»-ի նպատակներին, տարածաշրջանում տեղական իշխանությունների կողմից նախաձեռնությանը միանալու հստակ դրական միտում է նկատվում։

Նախաձեռնության շրջանակներում համագործակցությունն ուղղված է էներգետիկ և կլիմայական անցման ճանապարհի որդեգրմանը, ստորագրող կողմերի միջև փորձի, ինչպես նաև իրենց լավագույն պրակտիկաների փոխանակմանը, տեխնիկական փորձագիտական կարողություններից և ֆինանսավորման հնարավորություններից օգտվելուն, միմյանց խրախուսելուն և ընդհանուր խոչընդոտների համար համատեղ արդյունավետ լուծումներ փնտրելուն։

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում 2022 թվականի նոյեմբերի 29-30-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվել է «Քաղաքապետերի դաշնագրի 10-ամյակն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» խորագրով բարձր մակարդակի համաժողով։ Այն հյուրընկալել է ավելի քան 150 մասնակիցների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տեղական ու ազգային իշխանությունների, տեղական պաշտոնյաների ասոցիացիաների և այլ շահագրգիռ կողմերի, ինչպես նաև ԵՄ կառույցների, ԵՄ անդամ պետությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Ես անչափ ուրախ եմ տեսնել, որ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությունն Արևելյան գործընկերության տարածաշրջանում պատրաստ է իր նպաստը բերել գլոբալ տաքացումը մինչև 1,5°C-ով սահմանափակելու նպատակին: Մինչև 2030 թվականը արտանետումները 35%-ով կրճատելու հավակնությունը ցույց է տալիս, որ ձեր համայնքային իշխանություններն իսկապես լուրջ են մոտենում այս մարտահրավերին:

Արևելյան գործընկերության տարածաշրջանն՝ ի դեմս 460 ստորագրող կողմերի, առաջատար և հիանալի օրինակ է տեղական իշխանությունների համար ամբողջ աշխարհում», - նշել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG NEAR) Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը։

Համաժողովի ընթացքում բանախոսները ներկայացրել են Դաշնագրի և այն ստորագրողների կողմից ձեռք բերված առաջընթացը և վերահաստատել ԵՄ-ի ամուր քաղաքական կամքը՝ աջակցելու ԱլԳ իշխանություններին կայուն քաղաքականության մշակման և իրականացման գործում:

Միջոցառումը հնարավորություն կտա քննարկելու ստորագրող քաղաքներին հանդիպող հիմնական արգելքներն ու խոչընդոտները՝ տրամադրելով հաջողության արդյունավետ բաղադրատոմսեր: Այն նաև ուրվագծելու է նախաձեռնության ապագան և ԱլԳ համայնքային իշխանություններին ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ Կանաչ գործարքի և այլ եվրոպական նախաձեռնությունների համատեքստում:

Միջոցառման երկրորդ օրը կայանալիք աշխատաժողովները երկխոսության տարածք կստեղծեն տեղական, ազգային ու ԵՄ ներկայացուցիչների միջև կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրերի (ԿԷԶԿՊԳԾ) իրականացման, ցուցադրական նախագծերի օրինակների ու կլիմայի քաղաքականության նպատակների շուրջ:

Արևելյան գործընկերության երկրներում ծրագրի 10-ամյակի հետ մեկտեղ միջոցառումը նաև կնշանավորի «ՔԴ՝ Արևելք» ծրագրի երրորդ փուլի մեկնարկը, որն իր աշխատանքը սկսել է ընթացիկ տարվա սկզբին: Հարկ է նշել, որ 2014 թվականից մինչև 2021 թվականը նախաձեռնության շրջանակներում իրականացվել է «Քաղաքապետերի դաշնագրի» 33 ցուցադրական նախագիծ՝ շուրջ 38.5 մլն եվրո ընդհանուր բյուջեով։

Արևելյան գործընկերության երկրները վերջին տասը տարվա ընթացքում կարողացել են կառուցել ուժեղ և աջակցող դաշնագրային համայնք, որտեղ կարևոր դեր են խաղում թե՛ նախարարությունները, թե՛ տարածքային իշխանությունների ասոցիացիաները՝ աջակցելով ստորագրող կողմերին կատարել CO₂-ի կրճատման իրենց պարտավորություններն ու իրականացնել կլիմայի փոփոխությանը հարմարվելուն ուղղված միջոցառումներ:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր