211652_close_icon
views-count340 դիտում article-date 22:55 28-11-2022

Գեղարքունիքի մարզպետը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել

Նոյեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որտեղ  քննարկվեց նախորդ խորհրդակցության  հանձնարարականների ընթացքը։

Քննարկվող հարցերը հիմնականում վերաբերում էին տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին եւ արդյունքներին, մարզով անցնող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության կանխարգելմանը եւ ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակին, մարզի համայնքներին անհրաժեշտ քանակի  շչակների  տրամադրմանը, մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ձեռնարկած ագրեսիայի արդյունքում Վարդենիս համայնքի  տուժած բնակավայրերի բնակարանների նորոգման արդյունքներին, մարզում անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացման գործընթացի կազմակերպմանը, «Վարդենիսի ԲԿ» ՓԲԸ  շենքի ջեռուցման աշխատանքների համար նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը, համավարակի դեմ պայքարի միջոցառումների իրականացմանը, բերքահավաքի ու աշնանացանի ընթացքի եւ առկա խնդիրների վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանը, հողօգտագործման ոլորտում համապատասխան անասնագլխաքանակ չունեցող եւ ներդրումային ծրագրեր չներկայացրած վարձակալների հետ կնքված պայմանագրերը սահմանված կարգով լուծելուն, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողների վերապատրաստումների գործընթացին, Վարդենիսի բնակավայրերից տարհանված եւ այլ  բնակավայրերում ապաստանած, ինչպես նաեւ իրենց բնակավայրեր վերադարձած ընտանիքների շարժին, սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման արդյունքների քննարկմանը, քաղաքացիական պաշտպանության մարզային ծառայության պլանի կազմման ու ներկայացմանը։

Հանձնարարականների կատարման ընթացքի մասին զեկուցեցին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները։ Ամփոփելով քննարկված հարցերի լայն շրջանակը՝ Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ հետեւողական աշխատանք տանել բոլոր հիմնահարցերի կարգավորման ուղղությամբ, մշտապես համագործակցել համայնքապետարանների, ճյուղային նախարարությունների, այլ գերատեսչությունների, միջազգային կառույցների հետ՝  ցանկալի արդյունքներ ապահովելու նպատակով։  

«Այս հանձնարարականների կատարման ընթացքից է կախված ոչ միայն մեր աշխատանքների արդյունավետությունը, այլ նաեւ բնակչության առջեւ ծառացած հիմնախնդիրների աստիճանական կարգավորումը։Պետք է առավել հետեւողական լինել տեղական բյուջեների սեփական եկամուտների ամբողջական հավաքագրման ուղղությամբ, քանի որ դրանից է կախված 2023 թվականի ծրագրերի կազմումն ու իրականացումը, զարգացման հեռանկարների ուրվագծումը։ Պետք է հետեւողական լինել նաեւ այն մյուս ոլորտներում, որոնց շուրջ այսօր ծավալվեցին քննարկումները։ Համայնքներից բարձրացված յուրաքանչյուր հիմնահարց մեր ուշադրությունից չպետք է դուրս մնա, այլ պետք է ուսումնասիրվի եւ դառնա քննարկման առարկա՝ կարգավորման համապատասխան ելքերի որոնմամբ»,- շեշտեց մարզպետ Կարեն Սարգսյանը։

Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները խորհրդակցության ավարտին ստացան նոր հանձնարարականներ։