211652_close_icon
views-count1109 դիտում article-date 22:32 25-11-2022

Նախատեսվում է 2023 թ. սկսած փուլային սցենարով Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ

Նախատեսվում է 2023 թ. սկսած փուլային սցենարով Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Հայտարարագրերը ներկայացվելու են տարեկան պարբերականությամբ: Նախատեսվում է, որ հայտարարագրերի նախագծերը պատրաստվելու են ՊԵԿ-ի կողմից՝ նրա տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա: Դրանք հայտարարատուի կողմից  այնուհետեւ կարող են խմբագրվել, ճշգրտվել, լրացվել եւ արդեն ներկայացվել հարկային մարմնին՝ որպես հայտարարատուի կողմից հաստատված տարբերակ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ խորհրդարանում ներկայացնելով Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող՝ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Մասնագիտական փորձագիտական հանրույթի հետ քննարկումը նոյեմբերի 25-ին հրավիրել էր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ հաշվի առնելով հարցի հետ կապված հանրային հետաքրքրությունը: Հանձնաժողովի փոխնախագահը նշել է, որ նախաձեռնությունը նախատեսվում է ընդունել մինչեւ տարեվերջ: Մինչ ԱԺ լիագումար նիստում քննարկումը՝ կանցկացվեն նաեւ խորհրդարանական լսումներ:

Ֆինանսների փոխնախարարը նաեւ հայտնել է, որ առաջին փուլում հայտարարագիր ներկայացնողներ կլինեն այն անձինք, որոնք «Հանրային ծառայության մասին» օրենքի տրամաբանությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով արդեն ներկայացնում են հայտարարագրեր: Առաջին փուլով հայտարարատու կլինեն նաեւ ձեռնարկատիրական միավորների հետ որեւէ կերպով կապակցված անձինք: Խոսքն այն ֆիզիկական անձանց մասին է, որոնք մասնակից կամ բաժնետեր են մի ընկերությունում, որը հայտարարագրման տարվա համար ունեցել է 1 մլրդ դրամ եւ ավելի իրացման շրջանառություն կամ 20 մլն դրամ կամ ավելի ծավալով փոխառություն է ստացել ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունից, կամ համարվում է իրական շահառու որեւէ ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունում:

Երկրորդ փուլում հայտարարատու կլինեն այն անձինք, որոնք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքներ են կատարում կամ ծառայություններ են մատուցում, սակայն ներգրավված չեն առաջին խմբում եւ անձինք, որոնք համարվում են վարձու աշխատողներ եւ ներառված չեն եղել առաջին փուլում: Երրորդ՝ վերջին տարում, հայտարարատու կդառնան մնացյալ ռեզիդենտ քաղաքացիները: Երրորդ փուլով հայտարարատուների շրջանակն ընդլայնելու այս որոշումը դեռեւս Կառավարության վերջնական առաջարկը չէ: Փոխնախարարի խոսքով գուցե որոշում կլինի, ըստ որի՝ անչափահաս անձինք այս երեք տարիների ընթացքում չեն լինի հայտարարագիր ներկայացնողներ: Քննարկման ենթակա է նաեւ թոշակառուների՝  հայտարարագիր ներկայացնելու հարցը:

Համակարգի ներդրման երեք նպատակ կա: Նպատակներից առաջինը ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համապարփակ տվյալների բազայի ստեղծումն է: Երկրորդը սոցիալական բաղադրիչի ամրագրումն է՝ որպես նաեւ մարդկային կապիտալում կատարվող ներդրումների խրախուսման քաղաքականություն: Երրորդը հարկերի վճարման մշակույթի ներդրումն ու ամրապնդումն է:

Հայտարարագրերը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ լիարժեք ներկայացնելու համար նախատեսված կլինի պատասխանատվություն: «Սա իրավունքի նորմ է. երբ պարտականություն է սահմանվում, պետք է նաեւ համարժեք պատասխանատվություն լինի, հակառակ դեպքում մենք հայտարարած կլինենք, որ կարգապահության վրա բավարար ուշադրություն չենք դարձրել: Երկրորդ՝ գուցե նաեւ հնարավոր չլինի հասնել մեր նպատակներին: Պատասխանատվության շրջանակը, որը նկարագրված է նախագծում, քննարկման ենթակա է, ամեն դրվագ քննարկման ենթակա է»,-ասել է փոխնախարարը:

Քննարկման մասնակիցների մի մասը ողջունել, իսկ մի մասն էլ քննադատաբար է վերաբերվել Կառավարության նախաձեռնությանը: Նշվել է, որ օրենքի նախագծի շատ դրույթներ գրված են անհասկանալի եւ «խուճուճ» ձեւակերպումներով՝ այնպես, որ մարդը չի կարող հասկանալ՝ այդ դրույթն իրեն վերաբերվո՞ւմ է, թե՝ ոչ: Անհասկանալի է նաեւ համակարգի ներդրման վերջնական նպատակը: Ըստ քննարկման մասնակիցների՝ նպատակը պետք է ձեւակերպված լինի շատ  հստակ, այնինչ ներկայացված նախագծում նպատակների եւ բովանդակության խզում կա: Փորձագետներից ոմանց համար անհասկանալի էր նաեւ, թե հայտարարագրման  առաջարկվող համակարգը եկամուտների՞, գույքի՞, թե՞ ընդհանրապես ունեցվածքի հայտարարագրմանն է վերաբերում: Անընդունելի է համարվել նաեւ այն դրույթը, որը վերաբերում էր եկամտահարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին: Նախագծում առկա է դրույթ, ըստ որի՝ եթե քաղաքացին չի ներկայացրել հայտարարագիր, ապա նրանից կարող է գանձվել ստացած եկամտահարկը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը պարզաբանել է. «Ընդունում եմ, որ պատասխանատվության մասով էլ քննարկելու կարիք կա: Եկամտահարկի վերադարձի մասով էլ միգուցե խիստ է, միգուցե արժե մեղմացնել կամ քննարկել: Ուղղակի տրամաբանությունը հետեւյալն է՝ եթե քաղաքացին պետությունից որեւէ բան է ստանում, այս դեպքում՝ թեկուզ իր վճարած հարկի վերադարձը, ուրեմն ինքը պետք է պետության հետ էլ ավելի թափանցիկ աշխատի»:

Քննարկման մի մասն անցկացվել է փակ ձեւաչափով:

Նմանատիպ նյութեր