211652_close_icon
views-count1146 դիտում article-date 11:27 25-11-2022

«Ավազակ» հարուստներից փողերը խլելը եւ աղքատներին բաժանելը նույն ավազակությունն է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս իմացա, որ լրատվամիջոցներից մեկում չի թույլատրվում «Նիկոլ Փաշինյան» անուն ազգանունը գրել մեծատառերով եւ դիմացը դնել «վարչապետ» բառը՝ ճիշտ նույն ձեւով, ինչպես նախկինում գրում էին «լտպ», «ռք» եւ «սս»: Այնպես չէ, որ ներկայիս վարչապետի քաղաքականությունն ինձ շատ է դուր գալիս: Ճիշտ հակառակը՝ այդ քաղաքականության հիմնական հատկանիշն է սարսափելի, կասեի անգամ՝ աղետաբեր դիլետանտիզմը:

Բայց մի բան է քաղաքականության հետ համաձայն չլինելը, այլ բան՝ որեւէ մարդու, քաղաքի, երկրի անունը փոքրատառով գրելը: Իբր՝ տեսեք, նսեմացնում ենք, արհամարհում ենք, ձեզ ենք կոչ անում՝ մարդատեղ չդնել: Երբ դա անում են համացանցային կիսագրագետ «մեկնաբանները», դա, իհարկե, տհաճ է, բայց երբ այդ էժանագին հնարքին են դիմում լրագրողները, որոնց առաքելությունը պետք է լինի, վստահ եմ, մարդկանց կրթելը, լուսավորելը՝ դա արդեն խոսում է հասարակության գրագետ մասի ընդհանուր դեգրադացիայի մասին:

Երբեմն մարդիկ առաջնորդվում են հետեւյալ տրամաբանությամբ. անգրագետ եւ պոպուլիստ իշխանություններին պետք է «հաղթել» ավելի մեծ անգրագիտությամբ ու պոպուլիզմով: Բայց նախ՝ նման հարցերում այսօրվա իշխողների հետ մրցելը դժվար գործ է: Երկրորդ՝ եթե դա նույնիսկ հնարավոր լիներ, համոզված եմ, «հաղթելը» պակաս կարեւոր է, քան հասարակությանը «լուսավոր» օրինակ ծառայելը՝ նույնիսկ այն պարագայում, երբ մեծամասնության աչքում «պարտված» ես համարվում:

Վիշապի դեմ պետք է պայքարել այնպես, որ նա չկարողանա իր թույնը ներարկել քո մեջ: Եթե կարողացավ, ապա քո պայքարն անիմաստ է դառնում, վարակվում ես նույն «վիշապությամբ»: Դրանից խուսափելու համար պետք է հասկանալ, որ վիշապը մարդ չէ, դա երեւույթ է: Ավելին՝ այդ երեւույթի դեմ պետք է պայքարես առաջին հերթին ինքդ քո մեջ:

«Ավազակ» հարուստներից փողերը խլելը եւ աղքատներին բաժանելը նույն ավազակությունն է: Աշխարհում, քարը քարի վրա չթողնելով, հանուն խաղաղության պայքարելը նույն պատերազմն է: Ասել՝ «եթե դու չես կիսում իմ ազատական գաղափարները, ես քեզ աշխարհով մեկ խայտառակ կանեմ», նույն հակա-ազատականությունն է: «Ոչ մի ժողովրդավարություն՝ հակաժողովրդավարների հետ» կարգախոսը բռնապետական է:

Եթե այս պարզ ճշմարտությունները չեն ընդունվում, ապա ստացվում է այն վիճակը, որը ժամանակին նկարագրում էր խորհրդային երգիծաբաններից մեկը՝ «իմ նպատակն է միջոցներն արդարացնելը»»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր