211652_close_icon
views-count893 դիտում article-date 20:19 23-11-2022

Աշակերտների փոխանակում Գերմանիայի հետ. Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է ծրագրի մասնակիցներին

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի հետ այցելել է Վ. Տերյանի անվան հ. 60 հիմնական դպրոց և հանդիպել փոխանակման ծրագրով վերջերս Գերմանիայից վերադարձած աշակերտներին:

2010թ. դպրոցն իրականացնում է աշակերտների փոխանակման ծրագիր Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Նաումբուրգ քաղաքի գիմնազիայի հետ: 2012 թվականից դպրոցում գերմաներենը խորացված ուսուցմամբ է, այստեղ դասավանդում են Գերմանիայից ժամանած մասնագետները: Վերջին տասը տարվա ընթացքում ավելի քան 20 աշակերտ է շարունակել կրթությունը Գերմանիայի առաջատար բուհերում:

Փոխանակման ծրագրում ընդգրկվել է ուսման բնագավառում առաջադիմած 9-րդ դասարանի ութ աշակերտ: Խոսելով 10-օրյա այցի և տպավորությունների մասին՝ երեխաները նշել են, որ դասերաժամերին մասնակցությունից բացի նաև ճանաչողական այցեր են եղել՝ հանդիպումներ քաղաքապետի, պատվո հյուպատոսի և պաշտոնատար մի շարք այլ անձանց հետ:

Լևոն Հովհաննիսյանը աշակերտների հետ զրույցում ընդգծել է նմանօրինակ կրթական ծրագրերի կարևորությունը:

«Աշակերտների փոխանակումն, իհարկե, կնպաստի լեզվական հմտությունների զարգացմանը, կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը, նաև՝ բարձրագույն կրթությունը դրսում շարունակելու հեռանկարով:

Սակայն կարևոր է, որ ձեռք բերած գիտելիքները հետագայում ծառայեն ի նպաստ մեր քաղաքի ու երկրի զարգացմանը», -նշել է Լևոն Հովհաննիսյանը:

Հանդիպմանը ներկա արտասահմանյան դպրոցների կենտրոնակայանի համակարգող Բենյամին Շպետն իր հերթին նկատել է, որ տարվա ընթացքում սա ամենասպասված ծրագիրն է, որը մեծ հնարավորություններ է ընձեռում աշակերտներին:

Ի դեպ, քաղաքապետարանի ենթակայության հ. 60 դպրոցը գերմաներենի ուսուցմամբ և աշակերտների առաջադիմությամբ տարածաշրջանում լավագույնի համարումն ունի:

Նմանատիպ նյութեր