211652_close_icon
views-count1309 դիտում article-date 18:47 21-11-2022

ՀՀ ԳԱԱ-ում ստացել են բժշկության բնագավառում պահանջված 4 գ/լ L-տրիպտոֆան սինթեզող կայուն մուտանտներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարատադրական կենտրոնի գիտնականներին հաջողվել է քիմիական մուտագենեզի և գենետիկասելեկցիայի մեթոդներով Br. flavum 14067 վայրի տեսակի շտամի հիման վրա ստանալ  
m-ֆտորֆենիլալանինի նկատմամբ կայուն մուտանտներ, որոնք սինթեզում են մինչև 4 գ/լ L-տրիպտոֆան:

 

«Կայուն L-տրիպտոֆան սինթեզող շտամների ստացումը կարևոր է ոչ միայն գիտական, այլ նաև կիրառական տեսանկյունից: Բժշկության, դեղագործության և այլ բնագավառներում այս ամինաթթվի պահանջարկը մշտապես աճում է: Բարձրակտիվ արտադրիչների ստացումը ու դրանց միջոցով L-տրիպտոֆանի արտադրությունը կնպաստի տնտեսական շահութաբերությանը»,- ասաց հետազոտությունն իրականացրած գիտական խմբի ղեկավար, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարատադրական կենտրոնի շտամ-արտադրիչների և կենսասինթեզի լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Ավետիսովան:     

 

Տրիպտոֆանն անփոխարինելի արոմատիկ ամինաթթու է: Այն կարգավորում է իմունային և նյարդային համակարգերի աշխատանքը, կարևոր նշանակություն ունի երեխաների նորմալ աճի և կենսագործունեության համար, իսկ նորածինների դեպքում այն նպաստում է քնի ցիրկադային ռիթմերի ձևավորմանը: Օրգանիզմում այս ամինաթթվի պակասի հետևանքով կարող է առաջանալ սրտային անոթների սպազմ, ընկճախտ, շատակերություն, անքնություն, մազաթափություն, մշտական հոգնածություն, սակավարյունություն, իսկ երեխաների դեպքում՝ ուշադրության բացակայություն և գերակտիվության համախտանիշ:

 

«Տրիպտոֆանը լայնորեն կիրառվում է ինչպես գյուղատնտեսության, բժշկության, այնպես էլ դեղագործական արդյունաբերության մեջ հակադեպրեսանտների, հանգստացնող և այնպիսի դեղերի ստացման համար, որոնք նախատեսված են շիզոֆրենիայի, ալկոհոլիզմի և այլ հիվանդությունների բուժման համար: Տրիպտոֆանի արտադրության կարևորագույն եղանակներից մեկը մանրէաբանական սինթեզի եղանակն է: Մանրէաբանական եղանակներից ավելի արդյունավետ է համարվում տրիպտոֆանի սինթեզն այն միկրոօրգանիզմների աճեցմամբ, որոնք ունակ են ուղիղ ֆերմենտացիայի միջոցով ածխածնի, ազոտի աղբյուրներից սինթեզել տրիպտոֆան՝ սննդամիջավայրում առանց տրիպտոֆանի նախանյութերի (ինդոլ, անտրանիլաթթու) ավելացման:

Հաշվի առնելով արդյունաբերական տեսանկյունից կորինեֆորմ մանրէների առավելությունները՝ մեր կողմից նպատակ է դրվել ստանալ Brevibacterium flavum տեսակին պատկանող տրիպտոֆանի բարձր ակտիվությամբ օժտված շտամ-արտադրիչներ»,- ասաց Գայանե Ավետիսովան:

Նա նշեց, որ հետազոտության արդյունքում քիմիական մուտագենեզի և գենետիկասելեկցիայի մեթոդներով հաջողվել է Br. flavum 14067 վայրի տեսակի շտամի հիման վրա ստանալ m-ֆտորֆենիլալանինի նկատմամբ կայուն 17 մուտանտներ:

Հետագայում խորքային ֆերմենտացիայի պայմաններում 15% սախարոզ և 5,5% (NH4)2SO4 պարունակող հեղուկ սինթետիկ միջավայրում դրանցից, ըստ ակտիվության, ընտրվել են 4-ը, որոնք սինթեզում են մինչև 4 գ/լ L-տրիպտոֆան:
կներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր