211652_close_icon
views-count682 դիտում article-date 19:44 18-11-2022

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Ռուսաստանի ու Հայաստանի գործարարների հետ

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն ընդունել է հայաստանյան և ռուսաստանյան գործարար շրջանակների ներկայացուցիչներին և ոլորտի փորձագետներին, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ գործարարները մասնակցել են «Ռուս-հայկական գործարար համագործակցությունը․ գործարարությունը արդի իրողություններում» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպել է Մոսկվայի «Կիլիկիա» հայկական գործարար ակումբը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Միջոցառմանը մասնակցել են նաև ռուսաստանյան տարբեր պետական մարմինների և հասարակական կառույցների, այդ թվում՝ ՌԴ ԱԳՆ-ի, Մոսկվայի գործարարության և նորարարական զարգացման վարչության ու համառուսաստանյան «Գործարար Ռուսաստան» հկ-ի ներկայացուցիչները։

Հանդիպման ժամանակ Վաղարշակ Հարությունյանն իր ելույթում ընդգծել է առևտրատնտեսական գործակցության առանցքային դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում։ Նա դրական է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի աճի դինամիկան ու հրավիրել է ներկաների ուշադրությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում ընձեռվող հնարավորություններին և հանրապետությունում մշտապես բարելավվող ներդրումների միջավայրին։

Հարությունյանն ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսական գործունեության հիմնական ուղղություններն ու ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։

Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև «Կիլիկիա» գործարար ակումբի հիմնադիր և համակարգող Նվեր Սարգսյանը՝ ընդգծելով, որ ակումբը շարունակում է ծառայել որպես հաղորդակցության հարթակ երկու երկների գործարար շրջանակների և պետական կառույցների միջև։ Նա շնորհակալություն է հայտնել նաև դեսպանությանը նախաձեռնությանը աջակցություն ցուցաբերելու համար։

Միջոցառման ժամանակ ելութ են ունեցել նաև գործարարներ Լեոնիդ Դովլաթբեկյանը, Արթուր Սողոմոնյանը և Ռուսաստանի սոմելյեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարկիսյանը։ Որպես քննարկման մոդերատոր հանդես է եկել «Գործարար Ռուսաստան» հկ-ի փոխնախագահ Նոննա Ղահրամանյանը։

Հանդիպման ներկաները շփումները շարունակել են ոչ պաշտոնական միջավայրում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս դեսպանության հովանու ներքո անցկացնել համանման հանդիպումներ։

Նմանատիպ նյութեր