211652_close_icon
views-count52690 դիտում article-date 18:26 18-11-2022

Երևանում ոստիկանությունը տաք հետքերով հայտնաբերել է «Մուրացան» բժշկական կենտրոնում բուժքրոջն ու անվտանգության աշխատակցին հարվածած անձանց, նրանցից երկուսը նախկինում տարբեր հոդվածներով, այդ թվում՝ սպանության, եղել են դատապարտված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, նոյեմբերի 17-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, թարմ հետքերով հայտնաբերել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել նոյեմբերի 16-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրի բուժքրոջն ու անվտանգության աշխատակցին հարվածներ հասցրած կասկածյալներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 35-ամյա Արմեն Գրիգորյանին, Շիրակի մարզի բնակիչ՝ 30-ամյա Միսակ Սարգսյանին, ով նախկինում 9 անգամ դատապարտված է եղել տարբեր հանցագործությունների համար և Երևանի բնակիչ՝ նախկինում 7 անգամ, այդ թվում՝ սպանություն կատարելու համար դատապարտված 32-ամյա Մանուկ Գրիգորյանին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Սարգսյանը եղել է իր կողմից շահագործվող Renault Logan մակնիշի ավտոմեքենայով, և նրան հայտնաբերել են Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում։ Նրա հետ է եղել նաև Մ. Գրիգորյանը։

Ոստիկանները, երբ վնասազերծել ու բերման են ենթարկել նրանց, ավտոմեքենայի մեջ նրանցից մեկը իր գրպանից նետել է թղթե փաթեթ, որի մեջ առկա է եղել դեղնականաչավուն զանգված։ 

Արդեն ժամը 21։30-ին ոստիկանության Էրեբունու բաժին է բերվել նաև Երևանի բնակիչ՝ 29-ամյա Վարազդատ Հարությունյանը։ 

Ժամեր անց Էրեբունու ոստիկանություն են բերվել Երևանի բնակիչներ՝ 34-ամյա Բ․ Ա-ն ու 38-ամյա Գ․ Հ-Ն։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններս կասկածվում են թմրանյութ պահելու համար։ Նշված անձինք ոստիկանության Էրեբունու բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  նոյեմբերի 16-ին հերթական բռնության դեպքն էր տեղի ունեցել Երևանում գործող բժշկական կենտրոններից մեկում։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ժամը 00։35-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանում «Մուրացան» բժշկական կենտրոնում մի խումբ անձինք հարձակվել էին բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի վրա, ձեռքերով և ապակյա շշերով հարվածել անվտանգության աշխատակցին, ապա մտել հիվանդանոց, այնտեղ բռնություն կիրառել բժշկուհու նկատմամբ։ 

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Ավդալյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել էր վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ծեծի ենթարկված անվտանգության աշխատակիցը Երևանի բնակիչ, 22-ամյա Ֆ․Մ․-ն է, ով ստացել էր ճակատի, գլխի, քունքային և ծոծրակային շրջանի պատռված վերքեր։

Վիճաբանողներն էլ եղել էին 5-7 հոգի, որոնցից մեկը Երևանի բնակիչ՝ 35-ամյա Ա․ Գ․-ն էր։

Հիվանդանոցում նշված անձինք բռնություն էին կիրառել նաև բժշկուհու նկատմամբ, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով, այդ պահին չէինք հրապարակել։ Սակայն բժշկուհին, ում նկատմամբ ոտնձգություն էր կատարվել, առողջապահության համակարգում և հանրության շրջանում համարվում է իր գործին նվիրված, միշտ հավատարիմ  է եղել Հիպոկրատի երդմանը, ու նրա բժշկական գործողությունների շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել, այդ թվում՝ բժշկական կենտրոն տեղափոխված երեխաների, որոնք գտնվելիս են եղել ծայրահեղ ծանր վիճակում։ 

Անգամ բժշկուհու նկատմամբ ոտնձգություն կատարելուց հետո, բժշկուհին շարունակել էր իր կոչմանը հավատարիմ բժշկական օգություն ցուցաբերել պացիենտին։

SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր տեսանյութ, որն արձանագրվել էր տեսախցիկների կողմից, թե ինչպես էին այդ մի խումբ անձինք հարձակվում անվտանգության աշխատակցի վրա, բռնության կիրառում նրա նկատմամբ։

Ինչպես տեղեկանում ենք Aravot.am-ից, «Մուրացան» բժշկական կենտրոնում նոյեմբերի 16-ին բժշկուհուն հարվածելու միջադեպը երեխային ուշ սպասարկելու պատճառով է եղել:

Կայքի տեղեկություններով՝ երեխայի հայրը պնդել է, որ իր երեխային հրատապ պետք է հետազոտեն, իսկ բժշկուհին չի ցանկացել հերթը խախտել. «Զրուցեցինք նաեւ այս միջադեպով ձերբակալված 35 ամյա քաղաքացու պաշտպան Լիպարիտ Սահակյանի հետ: Նա ասաց, որ իր պաշտպանյալը դեպքի մանրամասները չի հիշում: Մեր հարցին՝ ալկոհոլի ազդեցության տա՞կ է եղել իր պաշտպանյալը, փաստաբանը չհերքեց: Նա եւս հաստատեց, որ իր պաշտպանյալը բժշկուհու հետ միջադեպ է ունեցել երեխային ուշ սպասարկելու պատճառով, իսկ թե ինչու է հարվածել բժշկուհուն, ասաց՝ առաջինը բժշկուհին է հարվածել իր պաշտպանյալին, դրանից հետո իր պաշտպանյալը՝ բժշկուհուն»։

Մարմասները՝ սկբնաղբյուր կայքում

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր