211652_close_icon
views-count693 դիտում article-date 13:59 17-11-2022

Պետք է ամեն ինչ արվի, որ ձմռանն Իրանից եկող բեռատարները նոր ճանապարհով երթևեկեն՝ շրջանցելով Տաթևի ոլորանները. Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում կատարեց 2022 թվականի բյուջեի մասին օրենքում: Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների շրջանակներում նախատեսված, սակայն չօգտագործված ֆինանսական միջոցները ՀՀ պետական բյուջե վերադարձման անհրաժեշտությամբ:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց. «Մեր վարկային ծրագրերի շուրջ առաջացել են որոշակի պարտավորություններ. Ծրագրեր կան, որ ավարտում ենք եւ անհրաժեշտ է  վճարել շինարարներին, խորհրդատուներին ու տեխնիկական հսկողներին: Մասնավորապես, դա կենսականորեն անհրաժեշտ ճանապարհային ցանցի ծրագիրն է, որըայս տարի ավարտում ենք: Մյուսը Մ6 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն 51 կմ-անոց հատվածն է, որը գրեթե ավարտվում է, եւ Հյուսիս-Հարավ ծրագրի Թալին-Լանջիկ 18,7 կմ-անոց հատվածն է, որն էլի ավարտական փուլում է: Ընդհանուր առմամբ առաջարկվում է այս երեք ծրագրերի համար միջծրագրային վերաբաշխում իրականացնել եւ մեր նախարարությանը տրամադրել 1 մլրդ 235 մլն դրամ: «595 միլիոն դրամը կենսական նշանակության ծրագրերի համար է, 460-ը՝ Մ6 ծրագրի, 180-ը Թալին-Լանջիկ ծրագրի համար է»:

Սանոսյանը նաեւ հավելեց, որ այս պահին բավական ճանապարհներ կան, որոնք վերանորոգման ընթացքի մեջ են. «Մասնավորապես, Տաթև-Լծեն 20 կիլոմետրանոց ճանապարհի 17.8 կիլոմետրն արդեն ասֆալտապատ է։ Նորավանն արդեն ասֆալտապատել ենք, և մեր խնդիրը մնում է Շամբ-Լծեն հատվածը, որտեղ 6 կմ ունենք նորոգելու։ Եթե սա էլ կարողանանք ասֆալտապատել, կստացվի, որ ձմռանը կկարողանանք ճանապարհն օգտագործել։ Բոլորս աշխատում ենք այդ ուղղությամբ»,–ասաց Սանոսյանը։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց` բոլորը հասկանում են այդ ճանապարհի նշանակությունը և պետք է ամեն ինչ արվի, որպեսզի ձմռանն Իրանից եկող կամ Իրան գնացող բեռատարները կարողանան այդ ճանապարհով երթևեկեն, այսինքն՝ Տաթևի ոլորանները շրջանցեն:

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ ավելացրեց, որ բացի տարեկան 500 կմ վերանորոգվող և կառուցվող ճանապարհներից` սուբվենցիայով տարեկան միջինում կառուցվում կամ վերանորոգվում են 145 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհներ:

«145 կմ ճանապարհ այս տարի կանենք, ըստ նախնական հայտերի՝ նույնն էլ 2023 թվականի համար նախատեսված ունենք»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր