211652_close_icon
views-count500 դիտում article-date 09:29 17-11-2022

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկեց ԱՄՆ-ի քաղաքականությունը Կովկասում

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպվեցին «Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության գնահատականը» վերտառությամբ լսումներ, ուր նախագահող, սենատոր Մենենդեսը քննադատեց ԱՄՆ պետքարտուղարությանը Բաքվի ու Երևանի հակամարտությանը վերաբերող մի շարք հարցերում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Սա ամենահիասթափեցնող լսումներն էին, որ երևբևէ անցկացրել եմ, նշել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցկացված «Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության գնահատականը» վերտառությամբ լսումներին: Այն նախագահող սենատոր Մենենդեսն իր դժգոհությունը հայտնեց, որ ԱՄՆ-ը շարունակում է շրջանցել Բաքվին ողիղ օգնությունն արգելող 907 -րդ բանաձևը և ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին: Քննադատության թիրախում էին նաև այլ հարցեր:

«Պետքարտուղարության հանդեպ իմ հիասթափության պատճառը նրանում է, որ այն մշտապես կոչ է անում երկու կողմերին զերծ մնալ բռնությունից։ Երբ ակնհայտ է, ով է ագրեսորը, ապա պետք է իրերը կոչել իրենց անունով։ Կարծում եմ՝ խորը գիտելիքներ անհրաժեշտ չեն գիտակցելու համար, թե ով է ագրեսորն այստեղ, ով ունի համապատասխան կարողություն՝ այս հակամարտությունում ագրեսոր լինելու համար: Դա Ադրբեջանն է»,- հայտարարեց Մենենդեսը:

Բացի այդ, սենատորը բավարարված չէր պետքարտուղարության ներկայացուցիչների պատասխաններով Լեռնային Ղարաբաղում իրականացվող մարդասիրական ծրագրերի, ռազմական հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ԱՄՆ-ի արձագանքի ու 907-րդ բանաձևի չեղարկման ընթացակարգի կապակցությամբ:

Լսումներին որպես պատասխանող կողմ հանդես եկող Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերեն Դոնֆրիդը և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերն իրենց հերթին շեշտեցին՝ պետքարտուղարության հիմնական նպատակն է հասնել կայունությանն ու խաղաղությանը Հարավային Կովկասում, որի ուղղությամբ պետքարտուղարությունը եվրոպացի գործընկերների հետ զգալի ջանքեր է գործադրում: Առկա է պատմական հնարավորություն հակամարտության կարգավորման համար, ընդգծում են նրանք:

«Մենք ականատես ենք եղել ավելի քան երեք տասնամյակ շարունակվող հակամարտությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև, սակայն այսօր երկու երկրներից էլ լսում ենք, որ առկա է պատմական հնարավորություն տարածաշրջանում կայուն խաղաղությանը հասնելու համար»,- ասում է Դոնֆրիդը:

16 «Ինչպես ցանկացած բանակցություն, քննարկումներն այստեղ բարդ են, որոնք կենտրոնացված են պատմական շերտերով բարդացված հարցերի վրա: Սակայն ընթացիկ քննարկումների տեմպերն ու խորությունը ցույց է տալիս հստակ ներուժ կարգավորման հարցում, որը մենք երկար ժամանակ չէինք տեսել: Դա կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակվող հակամարտությանը»,- նշում է դեսպան Ռիքերը:

Փոխպետքարտուղար Դոնֆրիդի խոսքով՝ այսօր Հայաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններն ամուր են, քան երբևէ, իսկ Ադրբեջանին տրամադրվող անվտանգության ոլորտի ամերիկյան օժանդակությունը բխում է ԱՄՆ-ի ազգային շահերից:

«Մենք ապահովում ենք ոչ մահաբեր սահմանային անվտանգություն, որը նշանակալի արդյունքներ է տվել Իրանից եկող վերազգային սպառնալիքներին հակազդելու և դեպի Հարավային Կովկաս և Եվրոպա մաքսանենգության ճանապարհները խափանելու համար»,- հայտնել է նա:

Լսումների ընթացքում, պատասխանելով սենատոր Քարդինի հարցին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին, ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերն ընդգծում է՝ Մինսկի խումբը չի գործում, ձևաչափի մանդատն ու նպատակը, սակայն՝ պահպանվում է: Նա տեղեկացրեց, որ շատ սերտ կապի մեջ է ֆրանսիացի իր գործընկերոջ, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի ու այլ շահագրգիռ կողմերի հետ, իսկ Բաքուն հայտնել է Մինսկի խմբի հետ փոխգործակցության դադարեցման մասին:

«Կոնսենսուսի միջոցով կարող ենք վերջ տալ այդ մանդատին: Կարծում եմ՝ այն ինքնին բավականին օգտակար է, բայց համանախագահության գործընթացը չի գործում»,- նշել է դեսպան Ռիքերը:

Ի պատասխան սենատոր Մերֆիի հարցին տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության մասին՝ փոխպետքարտուղար Դոնֆրիդը նշել է, որ ԱՄՆ-ը մեծապես աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

«Գտնում եմ, որ Թուրքիան խորը հանձնառություն ունի՝ առաջ շարժվելու համար այս հարցում, ինչը ևս կարևոր է տարածաշրջանում ավելի լայն խաղաղության համար: Մենք ականատես եղանք, որ Թուրքիան և Հայաստանը կարգավորման համար հատուկ բանագնացներ են նշանակել, ովքեր բազմիցս հանդիպել են: Նրանք պայմանավորվել են վստահության ամրապնդման ուղղությամբ նախնական միջոցների շուրջ»,- ասում է նա:

Հույս հայտնելով այս գործընթացում առաջընթացի գրանցման մասին՝ Դոնֆրիդը շեշտում է՝ ԱՄՆ-ն այստեղ խրախուսողի դերում է: Երևանի ու Անկարայի հարաբերությունների կարգավորումը, ըստ նրա, Հարավային Կովկասում կայուն խաղաղության համակարգի կարևոր մասն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր