211652_close_icon
views-count355 դիտում article-date 10:55 15-11-2022

Թուրք-ադրբեջանական տանդեմը կրկին հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար․ Թովմասյան

Չնայած Նիկոլ Փաշինյանի իշխանության պատրաստակամությանը՝ ամեն ինչ անել, որ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրվի, Ադրբեջանը շարունակաբար կրակ է բացում խաղաղ հայ բնակչության նկատմամբ, ովքեր ընդամենը իրականացնում են գյուղատնտեսական աշխատանքներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Եվ այս մարդիկ՝ ներառյալ երեխաներ, կանայք և ծերեր, թիրախավորվում են ադրբեջանական ուժերի կողմից. ինչու՞, որովհետև Ադրբեջանը ձգտում է քայլ առ քայլ կյանքի կոչել պետության ղեկավարի մակարդակով հովանավորվող իր ցեղասպանական քաղաքականությունը։

Մասնավորապես, Ադրբեջանը նոյեմբերի 5-ին Արցախի Խրամորթ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակել է թիրախային կրակոցներ,

նոյեմբերի 12-ին Արցախի Խրամորթ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակել է թիրախային կրակոցներ։

Շարունակ կրակ է բացում հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված դիրքերի, հայ բնակչության ուղղությամբ և միաժամանակ ապատեղեկատվություն տարածում՝ հայկական կողմին մեղադրելով իբր ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար։

Հիշեցնեմ, որ Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի գործողությունների արդյունքում ունենք վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում /Ա. Հայրապետյանը ստացել է մարմնական վնասվածք, Պ. Խ.-ն ստացել է հրազենային վիրավորում/, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկաներին հասցված վնասներ։

Ադրբեջանի այս հանցավոր վարքագիծը հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ ատելության դրսևորում է և պարզապես ոտնահարում է Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը, որը միջազգային հումանիտար իրավունքի անկյունաքարային դրույթների կոպիտ խախտում է։

Ներկա իրավիճակի, Ադրբեջանի իրականացրած ագրեսիաներին նախորդող գործելաոճի վերլուծությունը հիմքեր է տալիս ահազանգելու, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար, ուստի հրատապ գրություններ եմ հասցեագրել միջազգային գործընկերներիս՝ գործարկելու բոլոր հնարավոր իրավաքաղաքական մեխանիզմները՝ դատապարտելու Արցախի և Հայաստանի ժողովրդի հիմնարար իրավունքները խախտող Ադրբեջանի հանցավոր վարքագիծը և թույլ չտալու նոր ագրեսիա խաղաղ հայ բնակչության նկատմամբ, ովքեր պարզապես ցանկանում են անվտանգ և երջանիկ կյանք վարել իրենց հայրենի հողում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին