211652_close_icon
views-count687 դիտում article-date 21:08 14-11-2022

Բնապահպանական ՀԿ-ների հայտարարությունը՝ Լոռու Քարաբերդի ոսկու հանքավայրում արդյունահանումն ընդլայնելու ծրագրի մասին

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն նամակով դիմել են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին՝ ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Քարաբերդ բնակավայրում գտնվող Քարաբերդի ոսկու հանքավայրում արդյունահանումն ընդլայնելու և լեռնահարստացուցիչ գործարան կառուցելու ծրագրի վերաբերյալ:

Նամակի մեջ ասված է.

««ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն հայտարարել էր 2022թ. նոյեմբերի 4-ին ոսկու արդյունահանումն ընդլայնելու ծրագրի վերաբերյալ

Փամբակում հանրային լսումներ անցկացնելու մասին, սակայն տեղի բնակիչները դեմ արտահայտվեցին և թույլ չտվեցին լսումներ անցկացնել՝ կազմելով համապատասխան արձանագրություն։

«ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն մտադիր է ընդլայնել ոսկու արդյունահանումը Քարաբերդի ոսկու հանքավայրում և լեռնահարստացուցիչ գործարան կառուցել։ Ընկերությունը վստահեցնում է, որ մտադիր է օգտագործել նոր տեխնոլոգիաներ՝ հիմք ընդունելով հումքի հարստացման չինական տեխնոլոգիաները։ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն Քարաբերդի ոսկու հանքավայրն ընդհատումներով շահագործում է 2012 թվականից։ Միևնույն ժամանակ ընկերությունը տարածքների վերականգնման միջոցառումներ չի իրականացնում։ Ավիրված տարածքների փոշին աղտոտում է մշակաբույսերը, արոտավայրերն ու մարգագետինները, ինչը տնտեսական և բնապահպանական վնաս է հասցնում տեղի բնակիչներին, ովքեր հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և գյուղատնտեսական այլ գործունեությամբ:

Հանքարդյունաբերության անմիջական ազդեցության տակ գտնվող Քարաբերդ բնակավայրում սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է: Համայնքապետարանի «շենքը» երկաթե վագոն տնակ է, գյուղում բացակայում են հաղորդակցության միջոցները։ Գյուղում չկա ո՛չ դպրոց, ո՛չ մանկապարտեզ, ո՛չ բուժկետ, բացակայում է ոռոգման համակարգը։

Արդյունահանման տարածքի ընդլայնումը կարող է բացասաբար անդրադառնալ Քարաբերդ գյուղն ընդգրկող Փամբակ խոշորացված համայնքում բնապահպանական մեծ ծրագրի իրականացման վրա։ Ծրագիրն ուղղված է միգրացիոն միջանցքներում վայրի կենդանիների կենսաբազմանության պահպանմանն ու աջակցում է ազդակիր համայնքներում «կանաչ» տնտեսությանն անցմանը: Հանքարդյունաբերական ընկերությունների զուգահեռ գործունեությունը կարող է հանգեցնել ազդակիր համայնքներում ներդրումների դադարեցմանը: Ավելի համեստ նպատակներ են դնում անհատ ձեռներեցները, ովքեր ուսումնասիրում են գյուղատնտեսական տուրիզմի և զբոսաշրջության այլ տեսակների զարգացման հնարավորությունները բացառիկ գրավիչ բնական գոտում:

Այս բոլոր նախագծերը վտանգված կլինեն, եթե ընդերքօգտագործողների պարտավորությունները՝ վերականգնել խախտված տարածքները, իրական ցուցանիշների և մոնիթորինգի տվյալների հիման վրա նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտվածությունը, թղթի վրա մնան։ Հիշեցնենք, որ 2018 թվականին ՀՀ էներգետիկայի, ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը պարտքի պատճառով վարչական գործ էր հարուցել «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի նկատմամբ։ 2019 թվականին պարտքերի վճարումից հետո գործի վարույթը կարճվել է։ Սակայն բնակավայրում սոցիալ-էկոլոգիական իրավիճակը չի փոխվել։

«ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի՝ ոսկու արդյունահանումն ընդլայնելու և վերամշակման գործարան կառուցելու նոր նախագիծը պետք է հետաձգել այնքան ժամանակ, մինչև չվերանայվեն «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի ընդերքօգտագորման պայմանագրում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ընկերության ստանձնած պարտավորությունները և չամրագրվեն համայնքի իրական կարիքներից բխող պարտավորություններ, մինչև ընկերությունը չվերականգնի Քարաբերդի ոսկու հանքավայրի խախտված տարածքները, չստեղծի  վերը նշված բոլոր գործողություններն իրականացնելու հիմնադրամ, և, ի վերջո, չներկայացնի հանքարդյունաբերական տեխնոլոգիաների կիրառման լավագույն փորձը։

Անընդունելի ենք համարում հանրային լսումները միայն Փամբակ համայնքում անցկացնելու փորձը՝ առանց Քարաբերդի ոսկու հանքավայրի անմիջական ազդեցության տակ գտնվող, բայց ազդակիր համայնքի կարգավիճակ չունեցող Վանաձոր քաղաքի և Մեղրուտ գյուղի մասնակցության։

Կոչ ենք անում Փամբակ խոշորացված համայնքի տեղական իշխանություններին հատուկ քննարկումներ նախաձեռնել «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի կողմից ստանձնած, բայց չկատարված պարտավորությունների վերաբերյալ, պահանջել գնահատել Քարաբերդի ոսկու հանքավայրի արդեն իսկ առկա բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի, գյուղատնտեսության և համայնքի բնակիչների առողջության վրա։ Քաղաքացիների մասնակցությամբ բացահայտել Փամբակ համայնքի կարիքներն ու հնարավորությունները և զարգացման առաջնահերթությունները՝ ստեղծելով սոցիալ-բնապահպանական քաղաքականություն, որը կնպաստի համայնքի կայուն զարգացմանը:

«ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպություն,

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպություն»:

Նմանատիպ նյութեր