211652_close_icon
views-count1215 դիտում article-date 14:54 14-11-2022

Պայմանագրային ծառայության ավարտից հետո զինվորականներին կտրամադրվի 5 մլն դրամ․ Պապիկյանը հորդորում է այդ գումարով ամուսնանալ․ «Առավոտ»

Այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այդ նախագծով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար ու դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից որակավորման ատեստավորման անցնելով: Գրում է «Առավոտը»։

Ժամկետային զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո հնարավորություն կունենա դառնալ պայմանագրային զինծառայող՝ կնքելով հնգամյա պայմանագիր:

ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ճշտեց. «Ես ճի՞շտ գիտեմ, որ հիմա գործող կարգ կա, երբ զինծառայողը կարող է ծառայությունից 6 ամիս հետո 3 տարով պայմանագիր կնքել ու 5 մլն է դրան ավելանում ու ճի՞շտ եմ հասկացել, որ այդ գործող կարգով 2 զինծառայող ունենք: Եթե այդպես է, մեր երաշխիքը ո՞րն է, որ 5 տարի դարձնելով ու 5 մլն գումար տրամադրելով՝ մենք ունենալու ենք ավելի շատ մարդ»:

Պապիկյանը պատասխանեց, որ այդ ծրագրից օգտվելիս պայմանագրային զինծառայողի ամբողջական արտոնություններից չէին օգտվում. «Պարզապես տվյալ քաղաքացին շարունակում է ծառայել 3 տարի, ունի արձակուրդ, ունի 5 մլն դրամ ստանալու արտոնություն, որը պետք է օգտագործի 3 ուղղություններով ու նաեւ գումարային որոշակի մաս: Բայց ներկա առաջարկվող ծրագրով այն օրվանից, երբ պայմանագիրը կստորագրվի ժամկետային զինծառայողի հետ, նա դառնում է պայմանագրային զինծառայող ու օգտվում է բոլոր իրավունքներից պայմանագրայինների: Ավելին՝ նա հնարավորություն է ստանում մասնակցելու ատեստավորման ծրագրին: Այսինքն, 5 տարի տվյալ զինծառայողը ամբողջությամբ օգտվում է բոլոր այն իրավունքներից, որն ունի պայմանագրային զինծառայողը՝ անհրաժեշտության դեպքում ժամը 3-ից հետո վերադառնում է տուն, զբաղվում է իր առօրյայով, առավոտյան գալիս է աշխատանքի եւ այդպես շարունակ՝ կապված նրանից, թե որտեղ է ծառայում»:

Վիլեն Գաբրիելյանը ճշտեց նաեւ՝ իր հաստիքից բխող աշխատավարձը նույնպես ստանալո՞ւ է՝ Պապիկյանը պատասխանեց, որ աշխատավարձը կկրկնապատկվի ու օրինակ 18-ամյա զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո կարող է դառնալ պայմանագրային զինծառայող եւ այդ օրվանից վաստակել առանց հարկերի շուրջ 316 հազար դրամ աշխատավարձ, եթե ծառայությունը մարտական է եւ մարտական հերթապահություն անցնելու պարագայում ընդհուպ 380 հազար դրամ աշխատավարձ կարող է ստանալ:

Դա՝ 5 տարի շարունակ, վերջում էլ կստանա 5 մլն դրամ պատվովճար. «Այդ գումարն իրենն է, կարող է տնօրինել ինչպես ցանկանա՝ հիփոթեքային վարկի ուղղությամբ, անձնական խնդիրների, ցանկալի է ամուսնանալու, ընտանիք կազմելու»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր