211652_close_icon
views-count704 դիտում article-date 12:52 12-11-2022

Խերսոնի ազատագրումը պատմական օր է․ Զելենսկի

Ուկրաինա Ռուսաստանի կողմից լայնամասշտաբ ռազմական ներխուժման 261-րդ օրը ռուսական զորքերը շարունակում են փորձել վերահսկողության տակ պահել հարևան երկրի գրավված բնակավայրերը։ Ուկրաինայի զինված ուժերն ու տարածքային պաշտպանության ստորաբաժանումները դիմադրում են ագրեսիային։ DW-ն հետևում  է ուրբաթ՝ նոյեմբերի 11-ին (Մոսկվայի ժամանակով) զարգացումներին։

Ռուսական զորքերը նախքան Խերսոնից նահանջելը ոչնչացրել և վնասել են բազմաթիվ ենթակառուցվածքային օբյեկտներ: Maxar Technologies տիեզերական տեխնոլոգիական ընկերության արբանյակները գրանցել են Նովա Կախովկայի ամբարտակի, ինչպես նաև Խերսոնի շրջանի այլ հատվածներում անցումների և կամուրջների ոչնչացումը։ Նոյեմբերի 11-ին, ժամը 10.25-ին Maxar արբանյակների կողմից արված նկարները, որոնք հրապարակվել են Twitter-ի միկրոբլոգում New York Times-ի լրագրող Քրիստիան Թրիբերտի կողմից, ցույց են տալիս Անտոնովսկի կամրջի մի քանի ավերված բացվածքներ, ինչպես նաև Դարևկայում Ինգուլեց գետի վրայով քանդված կամուրջը: Զգալի վնաս է նկատվում նաև Նովայա Կախովկայի պատնեշի վրա, որտեղ ավերված են հյուսիսային հատվածները և կողպեքի դարպասները։

Ուկրաինան պատնեշներ է կառուցում Բելառուսի հետ սահմանին, Վոլինի շրջանի մոտ 3 կմ սահմանն արդեն վերազինված է, աշխատանքներ են տարվում նաև Ռիվնեի և Ժիտոմիրի շրջաններում։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն։

«Այսօր պատմական օր է. մենք վերադարձնում ենք մեր երկրի հարավը» ,- Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Խերսոնի ազատագրումը ռուս զավթիչներից։ «Այս պահի դրությամբ մեր պաշտպանները գտնվում են քաղաքի ծայրամասերում: Շատ քիչ է մնացել, մենք սկսում ենք մտնել: Բայց հատուկ ստորաբաժանումներն արդեն քաղաքում են»,- ասել է Զելենսկին համաքաղաքացիներին տեսաուղերձում: Նա հավելել է, որ Խերսոնի բնակիչները, չնայած օկուպանտների բոլոր սպառնալիքներին, բռնաճնշումներին ու ահաբեկչություններին, հոգ են տանում Ուկրաինայի դրոշների մասին և հավատում են Ուկրաինային։ «Ուկրաինայի հանդեպ հույսը միշտ արդարացված է. Ուկրաինան միշտ վերադարձնում է իրենը»,- ընդգծել է պետության ղեկավարը։ «Այդպես է եղել բոլոր մյուս քաղաքներում, որոնք ազատագրել են մեր պաշտպանները, այդպես է լինելու նաև այն քաղաքներում, որոնք դեռ սպասում են մեր վերադարձին»,- խոստացել է Զելենսկին։