211652_close_icon
views-count1126 դիտում article-date 21:21 11-11-2022

«Հայաստանն արտահանման առումով ունի երկու գլխավոր խնդիր՝ մեծ ծավալների բացակայություն և որակ»․ ՀԱԳՄ նախագահ

Հայաստանն արտահանման առումով ունի երկու գլխավոր խնդիր՝ նախ մեծ ծավալների բացակայությունն է, մյուսը՝ որակը։ Տարիներ շարունակ դեպի եվրոպական շուկա արտոնություններ ունենալով՝ մենք չենք կարողացել  շատ արտահանումներ ապահովել նաև որակի պատճառով։ Հաճախ էլ` որակ ունենալով, արտահանմանը  խանգարել են  համապատասխան հավաստագրերի կազմման թերությունները։ Նման կարծիք հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ նոյեմբերի 10-ին կայացած «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանն ունեցած իր ելույթում։  

ՀԱԳՄ նախագահի խոսքով՝ գործարար հանրությունը տարիներ շարունակ ջանքեր է ներդրել հանրապետությունում միջազգային չափորոշիչների համապատասխան որակի, ստանդարտացման,  չափագրման, տրամաչափարկման լաբորատորիաների ստեղծման ուղղությամբ, որը մինչ օրս չի կայացել։ Արդյունքում՝ առկա է մի վիճակ, երբ հայաստանցի արտահանողները եվրոպական որակի սերտիֆիկատներ կամ ստանդարտացման թղթեր ունենալու համար դիմում են հարևան Վրաստանին կամ  եվրոպական երկրներին, ինչը գործարարության համար առաջացնում է  լրացուցիչ լուրջ ծախսեր և ժամանակի կորուստ։

Ըստ Արսեն Ղազարյանի՝ եթե խոշոր ընկերությունները կարողանում են իրենց թույլ տալ այդ խնդիրներն արտերկրում կարգավորել, ապա փոքր և միջին ձեռներեցության համար դա անհաղթահարելի ծախսեր է ենթադրում։ Արդյունքում՝ ՓՄՁ ոլորտն անկարող է լինում իր՝ թեկուզ որակյալ ապրանքն ու ծառայություններն արտահանել։ 

Այս առումով  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը ողջունելի համարեց  «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրի շրջանակում հանրապետությունում միջազգային մակարդակի չափագիտական համակարգի ստեղծումը։ Նրա խոսքով՝ սա Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագրի (ՀԸԳՄ/CEPA) առաջին գործուն քայլն է, որով փորձ է արվում ենթակառուցվածքային հզորացման բերել մեր տնտեսությունը և նրան սպասարկող ոլորտները։ Արսեն Ղազարյանի գնահատմամբ՝ միջազգային մակարդակի լաբորատորիաների ստեղծումը միջին բիզնեսին հնարավորություն կտա հավաքական, խմբային տեսքով արտահանում իրականացնել դեպի եվրոպական շուկա։ «Իսկ փորձը ցույց է տալիս, որ մենք այնտեղ վաճառելու կամ ծառայություններ մատուցելու հնարավորություններ ունենք»,-հավաստիացրեց ՀԱԳՄ նախագահը։

Արսեն Ղազարյանը ողջունեց նաև գործադիրի այն որոշումը, որով նախատեսվում է ենթակառուցվածքների կատարելագործման, լիզինգային ծրագրերի սուբսիդավորում։ «Կարծում եմ՝ այստեղ կա անելիք, որպեսզի կարողանանք մեր փոքր, բայց հավակնոտ շուկայում նաև մասնավոր հատվածի լաբորատորիաներ ունենալ, որոնք  պետականի գործունեությանը զուգահեռ կարողանան շուկան լիարժեք սպասարկել,- նշեց ՀԱԳՄ նախագահը։- Մենք, իրոք, հավակնոտ արդյունաբերական թեզեր ենք առաջ քաշում, եղածով չենք բավարարվում և տարածաշրջանում ուզում ենք լինել ոչ միայն տրանսպորտային խաչմերուկ, այլև տնտեսական լուրջ հարթակ՝ հարևանների հետ աշխատելու,  երրորդ երկրների շուկաներ դուրս գալու համար»։ Նա հույս հայտնեց, որ ՀԸԳՄ/CEPA-ի շրջանակներում իրականացվող գործընթացներն արագություն կհավաքեն, որովհետև հետպատերազմական Հայաստանն առավել կարիք ունի ենթակառուցվածքների, տնտեսության համակարգերի վերականգնման և զարգացման։

«Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագիրն իրականացվում է UNIDO-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Նպատակն է՝ Հայաստանն ապահովել հուսալի և վստահություն վայելող որակի ենթակառուցվածքների ծառայություններով, ինչը կհանգեցնի միջազգային շուկաների, այդ թվում՝ Եվրոպական միության հետ առևտրի ավելացմանը։  
 

Նմանատիպ նյութեր