211652_close_icon
views-count606 դիտում article-date 18:19 11-11-2022

ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի ամենամյա լիագումար ժողովին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 9-11-ը մասնակցում է Իսպանիայի Սեւիլիա քաղաքում անցկացվող` Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման  նպատակով թափանցիկության եւ տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի 2022 թվականի լիագումար ժողովին, որը կազմակերպվել է Իսպանիայի ֆինանսների եւ հանրային ծառայության նախարարության հետ համագործակցությամբ:

Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, լիագումար ժողովը միավորել է նախարարների, բարձրաստիճան ղեկավարների եւ պատվիրակների Գլոբալ ֆորումին անդամակցող 100-ից ավել պետություններից`  հարկային համագործակցության եւ տեղեկությունների փոխանակման ոլորտի առջեւ ծառացած ժամանակակից մարտահրավերները քննարկելու եւ դրանց միասնական ուժերով արձագանքելու նպատակով: Ժողովի խորագիրն է՝ «Տեղեկատվության փոխանակության եւ թափանցիկության տեղափոխումը նոր մակարդակի»:

2009թ.-ին մեկնարկած ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի գործունեության ընթացքում էական առաջընթաց է արձանագրվել հարկային տեղեկությունների թափանցիկության ապահովման եւ փոխանակման ասպարեզներում: Միայն 2022 թվականի ընթացքում, տեղեկությունների ավտոմատացված փոխանակման ՏՀԶԿ ստանդարտը ներդրած երկրները միմյանց փոխանակել են 11 տրիլիոն եվրո ընդհանուր արժեքով ակտիվներին առնչվող մոտ 111 տրիլիոն ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկություններ: 2009 թվականից ի վեր ավելի քան 114 մլրդ եվրո լրացուցիչ հարկային եկամուտ է հայտնաբերվել ստանդարտի ներդրման շրջանակում գործարկված կամավոր հայտարարագրման ծրագրերի, օֆշորային հաշիվների ստուգումների եւ հարկային մարմինների կողմից ձեռնարկված այլ միջոցառումների շնորհիվ:

Հայաստանն անդամակցում է Գլոբալ ֆորումին 2015 թվականից եւ անցած տարիների ընթացքում ձեռնամուխ է եղել հարցումների հիման վրա տեղեկությունների  փոխանակման ՏՀԶԿ ստանդարտի ներդրմանը, իսկ 2022 թվականից մեկնարկել են տեղեկությունների ավտոմատացված փոխանակման ստանդարտի ներդրմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները: 

Lիագումար ժողովի ընթացքում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հանդես է եկել շնորհանդեսով, որտեղ ներկայացրել է հարկային տեղեկությունների փոխանակման հայաստանյան փորձը եւ ձեռքբերումները: ՊԵԿ նախագահը ներկայացրել է ստանդարտների ներդրման ընթացքը, կազմակերպումը եւ արդյունքները, շեշտելով Գլոբալ Ֆորումի քարտուղարության կողմից տրամադրած փորձագիտական աջակցության կարեւորությունը հաջողության հասնելու համար: Առանձնահատուկ ուշադրության է արժանացել ՀՀ-ում ներդրված` ընկերությունների իրական սեփականատերերի մասին տեղեկությունների հավաքագրման նոր համակարգը եւ հարկային մարմիններին բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հասանելիության ապահովման համար կիրառված լուծումները:

Ներկայում, հարցումների հիման վրա տեղեկությունների փոխանակման ՀՀ համակարգն անցնում է Գլոբալ Ֆորումի կողմից անցկացվող փորձագիտական գնահատում, որի արդյունքում ակնկալվում է, որ Հայաստանը կստանա «մեծապես համապատասխանողի» գնահատականը:

ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի ամենամյա լիագումար ժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել նաեւ Գլոբալ ֆորումի Ասիայի Նախաձեռնությանն անդամակցող երկրների ներկայացուցիչների նիստ, որին կմասնակցի նաեւ ՀՀ պատվիրակությունը: 

Նմանատիպ նյութեր