211652_close_icon
views-count1462 դիտում article-date 19:57 10-11-2022

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հիասթափություն է հայտնել, որ ցուցադրվել է Արցախի դեմ 2020 թ.ագրեսիայի մասին Արզու Ալիևայի ֆիլմը

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խորին հիասթափություն է հայտնում Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի (ВДНХ) տարածքում 2022 թ. նոյեմբերի 9-ին ադրբեջանցի կինոպրոդյուսեր Արզու Ալիևայի՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խաղաղ բնակչության դեմ 2020 թ. աշնանը ձեռնարկված ագրեսիայի մասին նկարահանված ֆիլմի ցուցադրության կապակցությամբ:

Այս մասին նշված է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում:

«Տվյալ գործողությունը դիտարկում ենք որպես բացահայտ սադրանք, որն ուղղված է ազգամիջյան տարաձայնությունների հրահրմանը և վերջին տարիներին գործադրված բազմաթիվ ջանքերի խափանմանը, որի նպատակը ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ  Ռուսաստանի տարածքում երկու երկրների համայնքների միջև հետագա լարվածություն թույլ չտալն էր: «Շուշա՛ (Շուշի քաղաքի ադրբեջաներեն անվանումը - խմբ.), դու ազատ ես» օդիոզ վերնագրով վավերագրական ֆիլմն ադրբեջանական քարոզչության հերթական հայատյաց արտադրանքն է, որը ոչ միայն վիրավորում է ՌԴ տարածքում բնակվող մեծաթիվ հայ համայնքի, Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում նրանց հայրենակիցների զգացմունքները, այլև ակնհայտ ուղեցույց է ադրբեջանական երիտասարդության համար, որին շարունակում են կրթել ատելության և այլատյացության սերմանմամբ»,- նշել են դեսպանատանը։

Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան՝ ակնհայտ է, որ նման գործողություններով ադրբեջանական կողմը միջազգային հանրության աչքում փորձում է արդարացնել ինչպես 2020 թ. պատերազմի, այնպես էլ 2021-2022 թթ. հետագա իրադարձությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների և նրանց պաշտպանների դեմ իրականացված ծանրագույն պատերազմական հանցագործությունները, ագրեսիայի ընթացքում գրավված Լեռնային Ղարաբաղի տարածքի մի մասում շարունակվող վանդալիզմի գործողությունները:

Նշվում է նաև, որ ադրբեջանական կողմը միտումնավոր իր տաղավարի հարթակ է ընտրել Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնը՝ նպատակ ունենալով վարկաբեկել ոչ միայն բոլորի սիրելի ցուցահանդեսային կենտրոնը, որը քարոզում է ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության գաղափարները, այլև այն երկիրը, որի ջանքերի շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են ընտրել դեպի խաղաղություն և բարիդրացիություն տանող ճանապարհը:

Նմանատիպ նյութեր