211652_close_icon
views-count644 դիտում article-date 17:02 10-11-2022

Կոմիտեն վճռական է տրամադրված և ունի անհրաժեշտ կամք կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար տանելու համար. Սասուն Խաչատրյան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Ափլգեյթի գլխավորած պատվիրակությանը։

Շնորհակալություն հայտնելով ամերիկյան կողմին սերտ համագործակցության համար՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը պատվիրակությանը ներկայացրել է Կոմիտեի կազմավորման առաջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առանցքային ձեռքբերումներն ու հիմնական մարտահրավերները՝ փաստելով, որ Կոմիտեն վճռական է տրամադրված և ունի անհրաժեշտ կամք կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար տանելու համար:

Որպես կարևոր առաջընթաց՝ Կոմիտեի նախագահն առանձնացրել է հատկապես պետական պաշտոնյաների և հանրության շրջանում պատասխանատվության անխուսափելիության գիտակցման արմատավորումը, ինչի վկայությունն են հենց պետական կառավարման համակարգի և իրավապահ մարմինների կողմից իրենց մոտ հանդիպող կոռուպցիոն դեպքերի մասին բարձրաձայնելը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի հետ համատեղ աշխատանքների արդյունքներն ու նոր հնարավորությունները, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի կատարելագործմանը միտված տեխնիկական օժանդակության ծրագրերը, կադրերի համալրմանը, վերապատրաստմանն ու օրենսդրական բարեփոխումներին առնչվող հարցերը:

Ջեյմս Ափլգեյթը, իր հերթին անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի հետ ձևավորված համագործակցային կապերի արդյունավետությանը, կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում հատկապես մտածելակերպի փոփոխության անհրաժեշտությունը՝ փաստելով, որ այն արդեն իսկ նկատելի է Հայաստանում:

Վերջինս կարևորել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ աշխատակիցների և քննչական կազմի համար նախատեսված վերապատրաստման տարաբնույթ ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ INL-ն իր պատրաստակամությունն է հայտնում նորաստեղծ կառույցի հետ համագործակցությունը խորացնելու և Կոմիտեին ցուցաբերվող աջակցությունը շարունակելու համար:

Նմանատիպ նյութեր