211652_close_icon

Արդարադատության նախարարությունում քննարկվել են ԱՄՆ պետքարտուղարության INL ծրագրի աջակցությամբ իրականացվող բարեփոխումները

views-count1401 դիտում article-date 19:28 07-11-2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Ափլգեյթի գլխավորած պատվիրակությանը։

Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ պետքարտուղարության INL ծրագրի աջակցությամբ իրականացվող բարեփոխումները, հատուկ անդրադարձ է կատարվել ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում Պարեկային ծառայության ստեղծմանը և հանրապետությունում դրա ծավալների ընդլայնմանը, Պարեկային ծառայությունում կին պարեկների ներգրավման խթանմանը, ներքին գործերի նախարարության ձևավորմանը, ոստիկանական գվարդիայի ձևավորմանը։ Քննարկվել են նաև INL-ի այլ համագործակցություններ, ինչպիսիք են քրեական օրենսդրության բարեփոխումները և հակակոռուպցիոն ջանքերը:

Նշվել է, որ ներքին գործերի նախարարության ձևավորմանն ուղղված օրենսդրական փաթեթն արդեն իսկ ներկայացվել է Կառավարություն։

Կողմերը փաստել են երկկողմ համագործակցության նկատելի արդյունավետությունն ու գրանցված շոշափելի արդյունքները։

Ներկայացվել է նաև Կառավարության կողմից Պարեկային ծառայության օրինակով քրեակատարողական ծառայողների պատրաստման գործընթացի կազմակերպման գաղափարը, ինչը թույլ կտա նոր որակ հաղորդել համակարգի աշխատանքին։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ համագործակցությունն ու նախանշել համագործակցության նոր ուղիներ:

Նմանատիպ նյութեր