211652_close_icon
views-count43217 դիտում article-date 18:48 07-11-2022

Ձեզ բացակա չենք դնի․ Արզականում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած 6 արզականցի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշահամալիր․ ներկա էր նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, Կոտայքի մարզի Արզական գյուղի վարչական տարածքում, գողտրիկ մի անկյունում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներ՝ արզականցիներ Հայկազ Հովհաննիսյանի, Էրիկ Գալստյանի, Սարո Եղիազարյանի, Վաղինակ Հովհաննիսյանի, Նարեկ Մելքոնյանի և Աբրահամ Հովհաննիսյանի հիշատակին նվիրված խաչքար-հուշահամալիրի բացման արարողությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաչքարի բացումը կատարեցին հերոսների դուստրերը, ապա այն օծվեց հոգևոր հովիվ Տեր Արիստակեսի կողմից։

Ներկա էին հերոսների հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, հյուրեր ոչ միայն Երևանից ու տարբեր մարզերից, այլ նաև Արցախից, ԱՊՀ երկրներից։ 

Ելույթով հանդես եկավ Երկրապահ կամավորականների միության նախագահ, Արցախյան բոլոր պարտերազմների մասնակից, ԱԺ պատգամավոր, լեգենդար «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը։

Ներկաները մինչ այդ 1 րոպե լռությամբ հարգեցին հերոսների հիշատակը։

Միջոցառման ընթացքում հանդես եկան նաև գյուղի դպրոցի սաները։ Վերջում հերոսածին մայրերն ու ներկա գտնվողները ծաղիկներ խոնարհեցին խաչքարին։ 

Ներկա էին նաև Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը, ավագանու անդամներ, վարչական շրջանների ղեկավարներ, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, Հայաստանի քննչական կոմիտեի Չարենցավանի քննչական բաժնի աշխատակիցներ։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ներկաներն իրենց երախտիքի խոսքն էին ուղղում հուշարձանի կառուցման նախաձեռնողներ Արշամյան եղբայրներին ու ասում էին․ «Ուզում ենք մեր շնորհակալության խոսքն ուղղել նրանց, ովքեր առանց վարանելու, կյանքի կոչեցին իրենց նախաձեռնությունը։ Ու հիմա այս վայրը մեզ համար դառնալու է ուխտատեղի։ Ամեն անգամ գալու ենք այստեղ ու մեզ զգալու ենք ավելի պաշտպանված, ավելի ամուր, որովհետև բոլորն էլ նահատակվեցին հանուն մեզ։ Նրանք գիտակցաբար տվեցին ծնողներիս համար ամենաթանկը՝ իրենց կյանքը։ Մենք գիտենք, որ այդ պատերազմում հայ զինվորը, հայ սպան չեն պարտվել։ Նրանք մինչև վերջ կանգնած են եղել Հայաստանն ու Արցախը նենգ ու դավադիր թշնամուց պահելու համար։ 

Ի լուր աշխարհի հայտարարելու ենք՝ տղե՛րք, ձեր սխրանքն անմահ է, մենք ձեզ բացակա չենք դնի»։    

Փոխգնդապետ Հայկազ Կամոյի Հովհաննիսյան
Ծնվել է 1985 թվականին Կոտայքի մարզի Արզական գյուղում: Սովորել է նույն գյուղի միջնակարգ դպրոցում և դպրոցը ավարտելուն պես իրեն նվիրել  հայրենիքի պաշտպանության անմնացորդ առաքելությանը՝ ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: 2006 թվականին ավարտել է համալսարանը և անցել ծառայության երկրի սահմանները պահող մի շարք զորամասերում՝ որտեղ անձնվիրաբար կատարել է իր պարտքը, իրեն նվիրելով հայրենիքին: Նա ապրեց մի ողջ կյանք ու կռիվ հայրենիքի սահմաններին իր զինվորների հետ, սովորեցրեց նրանց հայրենիք սիրել ու պաշտպանել, ու իր կյանքով ցույց տվեց նրանց հայրենիքի՝ մի թիզ հող չհանձնելու գինը։ Մինչև վերջին վայրկյանը պայքարեց հայրենիքի համար իր կյանքի գնով: Արցախյան թեժ մարտերում ոչ մի թիզ անգամ չնահանջեց մերօրյա արզականցի իրական Հերոսը:

Էրիկ  Էմիլի  Գալստյան
Ծնվել  Է  2001 թվականին, Կոտայքի  մարզի  Արզական  գյուղում։ Զորակոչվել է  2020 թվականի հուլիսին, ծառայել է  Մատաղիսի հետախուզական վաշտում որպես  վարորդ։ Քաջաբար  կռվել է  ոսոխի  դեմ և  զոհվել  հոկտեմբերի  10-ին, անօդաչուի հարվածից 45 զինվորներին տեղափոխելիս։ Անմահացավ  հանուն  հայրենիքի։

Սարո   Էդուարդի  Եղիազարյան
Ծնվել  Է  2001 թվականին, Կոտայքի  մարզի  Արզական  գյուղում։ Զորակոչվել է  2020 թվականի հունվարին, ծառայել է Թալիշում։ Քաջաբար կռվել է  ոսոխի  դեմ, հայտնվել է շրջափակման մեջ,  զոհվել  է հոկտեմբերի  2-ին։ Ավելի քան 1 ամիս համարվել է անհետ  կորած։ Անմահացավ  հանուն  հայրենիքի։

Վաղինակ  Վարդանի  Հովհաննիսյան
Ծնվել է  1981 թվականին, Կոտայքի  մարզի  Արզական գյուղում։ 2020 թվականի  սեպտեմբերի 27-ին, պատերազմի  հենց  առաջին օրը կամավորագրվել է և մեկնել ռազմաճակատ։ Մարտեր է մղել Ջրականում, այնուհետև Հադրութում։ Վերջին զանգն  անելով  հոկտեմբերի  10-ին, 3 ամիս  համարվել է անհետ  կորած։ 

Նարեկ  Վարդանի  Մելքոնյան
Ծնվել  Է  2000 թվականին, Կոտայքի  մարզի  Արզական  գյուղում։ Ծառայել է Մարտունի  3-ում։ Քաջաբար  կռվել է ոսոխի դեմ և  զոհվել  հոկտեմբերին հանուն  հայրենիքի։

Աբրահամ Նորայրի  Հովհաննիսյան
Ծնվել  Է 1993 թվականին, Կոտայքի  մարզի  Արզական  գյուղում։ Հայրենիքի կանչով  մեկնել է ռազմաճակատ պատերազմի  հենց առաջին օրը։ Կռվել է Մարտակերտի  դիրքերում և  համառ մարտեր մղել թշնամու  դեմ։  Զոհվել է հանուն  հայրենիքի՝ սեպտեմբերի  29-ին։


Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 651+
651+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր