211652_close_icon
views-count796 դիտում article-date 15:55 07-11-2022

2023 թ. գյուղոլորտին կհատկացվի 37 մլրդ 905 մլն դրամ, որը շուրջ 6 մլրդ դրամով ավելի է ընթացիկ տարվա համեմատ

2023 թ. Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գծով նախատեսվել է հատկացնել 298,6 մլրդ դրամ: Տարածքային կառավարման բնագավառին վերաբերող 2023 թ. ծրագրերի ֆինանսավորման հանրագումարը կազմում է 135 մլրդ դրամ, իսկ ջրային ոլորտին վերաբերող ծրագրերի հանրագումարը՝ 49 մլրդ 560 մլն դրամ: 2023 թ. Շրջակա միջավայրի նախարարությունը, ըստ պետական բյուջեի նախագծի, իրականացնելու է 8 մլրդ 142 մլն դրամի ծրագրեր: Էկոնոմիկայի նախարարության գծով 2023 թ. նախատեսվում է, որ գյուղատնտեսության աջակցության ծրագրերը պետք է ունենան 37 մլրդ 935 մլն դրամ ֆինանսավորում: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 7-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով համապատասխան ոլորտներում նախատեսվող նախնական ծրագրերի ու ֆինանսական հատկացումների քննարկման ժամանակ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ գյուղատնտեսության բնագավառին նախատեսվել է 37 մլրդ 905 մլն դրամ, ընթացիկ տարվա 31 մլրդ 170 մլն դրամի փոխարեն: 2021 թ. փաստացի ծախսերը կազմել են 24 մլրդ 170 մլն դրամ:

Ըստ Էկոնոմիկայի նախարարի՝ գյուղատնտեսությունը երկրի կենսագործունեության եւ տնտեսության կայացման շարժիչ գորոծոններից մեկն է: Ոլորտի որակով եւ զարգացման մակարդակով է պայմանավորված բնակչության պարենային անվտանգությունը, գյուղական բնակավայրերի զարգացման հնարավորությունները, մարդկանց առողջությունն ու անվտանգությունը:

Նախարարի հավաստմամբ գյուղատնտեսության առաջնային արտադրությունն ապահովում է ՀՆԱ-ի շուրջ 11-13 տոկոսը, իսկ ագրոպարենային համակարգը, ընդհանուր դիտարկմամբ, կազմում է ՀՆԱ-ի շուրջ 25 տոկոսը:

Վահան Քերոբյանը նաեւ նշել է, որ մեր երկրի զբաղվածների 22 տոկոսն ընդգրկված է գյուղատնտեսությունում:

Նախարարի խոսքով Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտեսիվացմանն ու խոշորացմանը, հողային եւ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության ապահովման բարձրացմանը, անասնաբուծության եւ բուսաբուծության զարգացմանը, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղարտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների, գյուղացիական տնտեսությունների, մթերք վերամշակողների ավելացմանը:

Ըստ Վահան Քերոբյանի՝ 2023 թ. նախատեսվում է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն ավելացնել՝ հասցնելով մինչեւ 1.2 տրիլիոն դրամի: Նախորդ տարի այն կազմել է 933 մլրդ դրամ: Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով պլանը 2026 թ. կհասնի 1.4 տրիլիոն դրամի:

«Ֆերմերային տնտեսությունների խոշորացման արդյունքում նախատեսվում է գյուղտնտեսությունների թիվը նվազեցնել մինչեւ 200.000-ի, առկա 317.000-ի փոխարեն, միաժամանակ՝ նպաստելով գյուղացիական տնտեսության ստեղծած արժեքի արտադրողականության բարձրացմանը»,-նշել է Վահան Քերոբյանը եւ հավելել, որ ագրոարդյունաբերական արտադրանքի ծավալը 2022 թ. ինն ամիսների տվյալներով կազմել է 879 մլն դոլար, որը գերազանցում է գյուղատնտեսության ռազմավարության մեջ 2028 թ. պլանավորված ցուցանիշը:

Ըստ նրա՝ եկող տարի նախադրյալներ կստեղծվեն գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրման համար:

2023 թ. կիրականացվի 6 ծրագրի 36 միջոցառում: «Գյուղատնտեսության ծրագրերում կարմիր թելով անցնում է արտադրողականության բարձրացումը՝ կոնկրետ ուղղություններով»,-ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

«Գյուղատնտեսության խթանման» ծրագրի գծով 2023 թ. նախատեսվել է հատկացնել 19,604.0 մլն դրամ: Նպատակն է գյուղատնտեսական մթերքի եւ դրանց վերամշակումից ստացվող սննդամթերքի ծավալների ավելացումը: Նախատեսվում է սուբսիդավորել 40396 տնտեսավարող սուբյեկտի նախորդ տարիներին տրամադրված գյուղատնտեսական վարկերը:

ՀՀ տարածքից դուրս կիրականացվեն հայկական գինեգործության հանրահռչակմանը, հայկական գինիների առաջմղմանն ու արտահանմանն ուղղված միջոցառումներ:

«Բուսաբուծության խթանում եւ բույսերի պաշտպանություն» ծրագրով 2023 թ. նախատեսվել է հատկացնել 3,047.2 մլն դրամ: Ծրագրի շրջանակում վնասակար օրգանիզմների հայտնաբերման նպատակով կհետազոտվի 180,000 հեկտար տարածք, 85 համայնքի կտրամադրվեն գյուղատնտեսական նշանակության հողերի կազմված ագրոքիմիական քարտեզներ:

«Անասնաբուժական ծառայություններ» ծրագրին 2023 թ. նախատեսվում է հատկացնել 1,609.2 մլն դրամ: Ծրագրի նպատակն է անասնահամաճարակային կայուն ֆոնի ապահովումը: Կիրականացվեն 978,837 ախտորոշիչ միջոցառումներ, 3,769,771 կանխարգելիչ պատվաստումներ եւ 246,500 խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում:

«Գյուղատնտեսության արդիականացման» ծրագրի գծով 2023 թ. կհատկացվի 12,383.4 մլն դրամ: Նպատակն է գյուղատնտեսական տեխնիկական համակարգերի արդիականացումը, ինտենսիվ այգիների ներդրման եւ տոհմաբուծության մեջ նոր ցեղատեսակների բուծման գծով աջակցությունը:

«Գյուղական ենթակառուցվածքների վերականգնում եւ զարգացում» ծրագրի համար 2023 թ. հաշվարկված է 653.4 մլն դրամ: Նախատեսվում է Արմավիրի եւ Արարատի մարզերում ներդնել ժամանակակից ոռոգման համակարգեր:

«Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինասավորման աջակցություն» ծրագրի գծով 2023 թ. կհատկացվի 638.2 մլն դրամ: Ծրագրի նպատակն է բարելավել գյուղական ազգաբնակչության տնտեսական ու սոցիալական կարգավիճակը եւ ստեղծել զբաղվածության ապահովման կայուն մեխանիզմներ:

«Գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորումն արագ տեմպերով ավելանում է, սակայն համաչափության տեսանկյունից չենք հասել Եվրամիության գյուղատնտեսության չափանիշներին»,-նշել է Վահան Քերոբյանը:

Պատասխանելով Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի՝ գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ թե՛ միջազգային գործընկերների, թե՛ մեր մասնագետների տեսանկյունից Հայաստանի գյուղատնտեսությունն աճել է:

Վահան Քերոբյանը կարեւորել է «Գյուղատնտեսության մասին» օրենքի մշակումն ու ընդունումը: «Գյուղատնտեսության վերաբերյալ ունենք գնահատականներ, ոչ թե վիճակագրություն»,-ասել է Էկոնոմիկայի նախարարը: Ըստ նրա՝ օրենքի ընդունմամբ կունենանք վիճակագրություն, ինչը թույլ կտա ճշգրտորեն ներակայացնել ոլորտի իրական պատկերը:

Պատգամավորների հարցերն առնչվել են բնագավառում առկա բազմաթիվ խնդիրների:

Նմանատիպ նյութեր