211652_close_icon
views-count419 դիտում article-date 13:19 07-11-2022

Ներկայացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բյուջետային հայտը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 2023 թ. կիրականացնի 6 ծրագիր, 30 միջոցառում: 2023 թ. բյուջետային նախագծով ֆինանսավորման ծավալը կկազմի 8 մլրդ 142 մլն դրամ, որը 2022 թ. 6 մլրդ 771 մլն դրամից ավելի է 20,2 տոկոսով:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի ու ֆինանսավակային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շրջակա միջավայրի բյուջետային հայտը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

30 միջոցառումից 6-ը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում եւ մոնիթորինգ» ծրագրի շրջանակում գործող միջոցառումներն են:

2022 թ. հաստատված պետական բյուջեի համեմատ՝ նախարարության պահպանման ծախսերն ավելացել են 17,5 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է 2023 թ. հունվարի մեկից նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացմամբ: 7,2 մլն դրամով նախատեսվում է ձեռք բերել համակարգչային տեխնիկա եւ գույք, 2,5 մլն դրամ էլ կուղղվի հատուկ սարքավորումների ձեռքբերմանը:

«Բնապահպանական ծրագրերի իրականացում համայնքներում» ծրագրով 602 մլն դրամի տրամադրում է նախատեսվում. 9 ազդակիր համայնք դիմել են սուբվենցիոն ծրագրերի համար:

«Բնական պաշարների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում եւ պահպանում» ծրագրին կուղղվի 1 մլրդ 304 մլն դրամ, ինչը 6 ազգային պարկերի պահպանման ծախսերն են: «Սեւանա լճում եւ նրա ջրահավաք ավազանում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառում» միջոցառման համար նախատեսված է 15 մլն դրամ: Նախորդ տավա համեմատ՝ հատկացումը գրեթե կրկնակի ավելացել է:

Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարների մաքրմանն ուղղված միջոցառման իրականացման համար հատկացում կլինի 118 մլն դրամի չափով: Նախարարի խոսքով՝ միջոցառման շրջանակում մաքրման աշխատանքների մասով առկա խնդիրները պայմանավորված են նախկինում կազմված նախագծահաշվային փաստաթղթերի հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում արձանագրված անհամապատասխանություններով:

«Որսի օբյեկտ հանդիսացող կենդանիների հաշվառում» միջոցառման համար նախատեսված է 4 մլն դրամ: Միջազգային պարտավորություններին ուղղված ծրագրով կհատկացվի 7 մլն դրամ: Անտառների կառավարում ծրագրով իրականացվող միջոցառումների համար նախատեսվում է 2 մլրդ 679 մլն դրամի տրամադրում:

Հայաստանի բնության պետական թանգարանի եւ Երեւանի քաղաքապետարանի կենդանաբանական այգու պահպանմանն ուղղված միջոցառման համար նախատեսված հատկացումը 350 մլն դրամ է:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն առաջարկել է որոշ ծրագրերի դեպքում ուշադրություն դարձնել արդյունքային ցուցանիշներին: Օրինակ՝բնական պաշարների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանմանը վերաբերող ծրագրի մասով ներառել այնպիսի արդյունքային ցուցանիշ, որը կարտացոլի որսագողության դեմ պայքարը կամ ապօրինի գործողությունների կանխարգելումը: Անտառային տարածքների պահպանմանը վերաբերող ծրագրի մասով էլ, ըստ Գեւորգ Պապոյանի, նպատակահարմար է ապօրինի անտառահատումների քանակի եւ դրանց դեմ պայքարի արդյունքային ցուցանիշներ ներառելը:

Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է, որ անտառների պահպանության մասով Կառավարությունում շրջանառվում է ծառայություն ստեղծելու նախագիծը: Ծառայության տեխնիկական հագեցվածության հարցի լուծմանն ուղղված ծրագիր կա: «Կարծում եմ՝ այդ ժամանակ մենք պահպանության կամ խախտումների արձանագրման իմաստով շատ ավելի ճշգրիտ տվյալներ կունենանք»,-ասել է նախարարը:

Նմանատիպ նյութեր