211652_close_icon
views-count1045 դիտում article-date 15:23 03-11-2022

Հայաստանից Բաշկորտոստան արտահանումն աճել է 40 անգամ. Բաշկորտոստանի գործարարները Երևանում են

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունում նոյեմբերի 2-ին հյուրընկալվեց ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության պարվիրակությունը՝ արտաքին տնտեսական կապերի և ներկայացուցչական գործունեության նախարարի տեղակալ Լենա Իզոտովայի գլխավորությամբ։ Հայտնում է ՀԱԳՄ-ն։

Ողջունելով հյուրերին՝ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը ներկայացրեց Միության գործունեության ուղղությունները, անդրադարձավ հաստատված միջազգային կապերին, Հայաստան-Ռուսաստան տնտեսական գործակցությանը, տարածաշրջանների միջև գործարար կապերի հաստատման կարևորությանը։ Նա նշեց տնտեսության այն ճյուղերը, որոնք երկկողմ համագործակցության լայն ներուժ են պարունակում, մասնավորապես առանձնացնելով գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, առողջապահության, դեղագործության, զբոսաշրջության ոլորտները։  

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝  Լենա Իզոտովան անդրադարձավ այն բնագավառներին, որոնք առանձնակի առաջընթաց են ապրում Բաշկորտոստանի Հանրապետությունում, այդ թվում՝ նավթավերամշակումը, քիմիական արդյունաբերությունը, փայտանյութի արտադրության և փայտավերամշակման ուղղությունները։

Նրա խոսքով՝ թեև ստեղծված դժվարին պայմաններին, սպառման շուկաների կրճատմանը, վերջին տարում իրենց հանրապետությունում գրանցվել է տնտեսության աճ։ Միայն արտահանումը դեպի Հայաստան աճել է երկու, իսկ այստեղից ներկրումը՝ շուրջ քառասուն անգամ։ Վերջինս՝ հիմնականում ի հաշիվ սննդարդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների, կենցաղային տեխնիկայի։ Փոխնախարարի գնահատմամբ՝ այս ցուցանիշները էլ ավելի բարելավելու լայն հնարավորություններ կան, ինչին օժանդակելու համար ՀՀ-ում արդեն գործում է «Բաշկորտոստան» առևտրային տունը։

Կողմերը գործարար համագործակցության ընդլայնման համար կարևորեցին տեղեկատվության համակարգված փոխանակումը, երկկողմ անմիջական շփումները, ցուցահանդեսների կազմակերպումը։ ՀԱԳՄ և LOGOS EXPO Center-ի կողմից համատեղ պարբերաբար կազմակերպվող տարեկան միջազգային ու ճյուղային ցուցահանդեսները  ներկայացրեց Կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը։ Բաշկորտոստանի գործարարները տեղեկացրին, որ արդեն իսկ նախնական որոշում ունեն ներկայացուցչական տաղավարով մասնակցելու գալիք տարվա մարտին Երևանում կազմակերպվելիք  «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում» միջազգային ցուցահանդեսին։ Հյուրերը հայ գործարարներին փոխանցեցին դեկտեմբերին Ուֆայում կայանալիք «Գործարարության միջազգային շաբաթին» մասնակցության հրավեր։ Նշվեց, որ 2023-ի մարտին նախատեսված է Բաշկորտոստանի գործարարների առավել մեծ պատվիրակության այց Հայաստան։

Նմանատիպ նյութեր