211652_close_icon
views-count1196 դիտում article-date 16:45 02-11-2022

Հարկ վճարողներն անձնական գրասենյակի միջոցով կարող են ներկայացնել նախագծերի վերաբերյալ առարկություններ. ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ փաստաթղթերն, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի որոշումները հոկտեմբերի 1-ից հարկ վճարողներին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով և համարվում են պատշաճ ծանուցված՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրվանից, որը հավաստում է համակարգի կողմից: Հայտնում է ՊԵԿ-ը։

Գործընթացն ավելի դյուրին իրականացնելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողի անձնական գրասենյակում ստեղծել է ստուգումների, ուսումնասիրությունների, հանձնաժողովի որոշումների նոր բաժին: Ընդ որում, համակարգը հարկ վճարողին հնարավորություն է տալիս ոչ միայն  դիտել փաստաթղթերը, այլև ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը, իրենց առարկությունները և այլ փաստաթղթեր:

Փաստաթղթերը դիտելու և այլ գործողություններ կատարելու նպատակով առաջին հերթին հարկ վճարողի առցանց լիազորն անձնական գրասենյակից պետք է մուտք գործի համապատասխան օգտվողի լիազորությունների «Էջեր» բաժին և  շնորհի, օրինակ, էջը դիտելու, խմբագրելու կամ ստորագրելու լիազորություններ: Այնուհետև, հարկ վճարողը կարող է անձնական գրասենյակի «Ծանուցումներ» բաժնի նոր ստեղծված բաժնում, ըստ անհրաժեշտության,  դիտարկել էջը:

Նույն էջից հարկ վճարողը հնարավորություն ունի տեսնելու հանձնարարագիրը, նաև ակտի արձանագրությունների նախագծերը, ակտերը և արձանագրությունները: Ստուգող տեսուչները ևս էջի միջոցով կարող են ներկայացնել փաստաթղթերի պահանջ, որոնց հարկ վճարողը կարող է համակարգի միջոցով պատասխանել և լրացուցիչ ներկայացնել այլ փաստաթղթեր, որոնք ՊԵԿ-ի կողմից ընդունվելու վերաբերյալ նույնպես գեներացվում է հավաստում:

Նշվում է, որ հոկտեմբերին էլեկտրոնային ծանուցման եղանակով արդեն իսկ ծանուցվել է շուրջ 8500 փաստաթուղթ, իսկ հարկ վճարողներից ստացվել է 110 առարկություն:

Ծանուցումների վերաբերյալ հարկ վճարողները կարող են իրազեկվել նաև էլեկտրոնային փոստի հասցեներով՝ անձնական գրասենյակում մուտքագրելով այն: Նախատեսվում է  ծանուցման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել նաև բջջային հեռախոսահամարներով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր