211652_close_icon
views-count986 դիտում article-date 11:59 01-11-2022

Կատարվեց մասնավոր վարդապետության տվչության արարողություն

Հոկտեմբերի 31-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կատարվեց Հայ Եկեղեցու մասնավոր վարդապետության չորս աստիճանների տվչության արարողություն:

Մայր Աթոռը հայտնում է, որ ձեռամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, մասնավոր վարդապետության աստիճան տրվեց հոկտեմբերի 28-ին վարդապետական թեզ պաշտպանած Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Պողոս աբեղա Վարդանյանին։

Նույն օրը նորընծա վարդապետին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հանդիպմանը Մայր Աթոռի լուսարարպետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, հայցելով Նորին Սրբության հայրական օրհնությունը, ներկայացրեց վարդապետական աստիճանի արժանացած Հայր Սուրբին:

 Այնուհետև նորընծա վարդապետին շնորհավորեց և իր պատգամը փոխանցեց Վեհափառ Հայրապետը` վստահություն հայտնելով, որ Հայր Սուրբը վարդապետական աստիճանի տվչությամբ առավել կզորանա ու կամրապնդվի իր առաքելություն մեջ և հանձռաության ոգով կշարունակի իր նվիրյալ ծառայությունը Հայ Եկեղեցու անդաստանում:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վարդապետական ականակուռ լանջախաչով զարդարեց Պողոս վարդապետի կուրծքը և ‹‹Պահպանիչ›› աղոթքով օրհնեց վերջինիս:

Նմանատիպ նյութեր