211652_close_icon
views-count28323 դիտում article-date 11:06 01-11-2022

Քեզ բացակա չենք դնի․ լրացավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, Արագած գյուղում ծնված Արցախի հերոս Հայկ Կիրակոսյանի զոհվելու 2 տարին․ նրան հետմահու շնորհեցին գնդապետի կոչում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 30-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած, Արցախի հերոս փոխգնդապետ Հայկ Կիրակոսյանի զոհվելու 2-րդ տարին։ Հերոսի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ տեղի ունեցան։ 

Նախ դպրոցի ռազմագիտության լսարանն անվանակոչվեց հերոսի անունով։ Իսկ հետո Մշակույթի տան բակում տեղադրված հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի մոտ ներկաները ծաղիկներ խոնարհերցին, ապա այցելեցին Արագած գյուղի զինվորական պանթեոն, որտեղ հիշատակության կարգ կատարվեց  Հայկ Կիրակոսյանի շիրիմին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, հյուրեր ոչ միայն Երևանից ու հանրապետության տարբեր մարզերից, այլ նաև Արցախից, ԱՊՀ երկրներից։ 

Ներկա էին նաև  գեներալ-լեյտնանտ Ջալալ Հարությունյանը, ՀՀ ՊՆ Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը, ՀՀ Ճանապարհային ոստիկանության  պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի բարձրաստիճան սպայական կազմից զինվորականներ։

Հերոսի  շիրիմի մոտ հեգահանգստյան կարգ կատարվեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանի ձեռամբ: 

Հերոսին հետմահու շնորհվեց գնդապետի զինվորական կոչում։

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՀԱՅԿ ԱՐԾՎԻԿԻ «Ամենալավ հադրութեցին ապարանցի հրամանատար Հայկն էր»։

Գնդապետ Հայկ Կիրակոսյանը ծնվել է 1986 թվականի դեկտեմբերի 30-ին, Արագածում։ Շուրջ 15 տարի ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ամենասիրելի հրամանատարի կատարած սխրանքները բազմաթիվ են։ 33 տարեկանում փոխգնդապետի կոչման է արժանացել: Տարիներ շարունակ հսկել է Արագած լեռան և Հադրութի լեռների անդորրը:

Հայրենիքը բացարձակ արժեք էր փոխգնդապետի համար, սիրով է ծառայել և նվիրվել հայրենիքի պաշտպանությանը։ Սիրված և հարգված էր բոլորի կողմից։ Նրանք, ովքեր Հայկի հրամանատարությանբ են ծառայել, ոչնչից չեն վախեցել։

Հայկը հզոր էր ոչ միայն հոգեպես, այլև գաղափարապես։ Պատերազմի առաջին իսկ օրվանից մարտի դաշտում էր։ Չնայած բեկորային վիրավորում էր ստացել, սակայն չէր լքել մարտի դաշտը։ Վերջինը դուրս գալով Հադրութից՝ փրկել է 2000-ից ավելի զինվորի կյանք։ Նա, շուրջ 40 օր կյանքի ու մահվան կռիվ տալով, թշնամուն պատճառել է ահռելի կորուստներ,իսկ հոկտեմբերի 31-ին քաջաբար ընկել հերոսի մահով։


Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, Արագածոտնի մարզի Արագած գյուղում արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված «Հայրենյաց նահատակներ» հուշարձան-կոթող-խաչքարի վայրը դարձել է մի իսկական սրբատեղի։ Գրեթե ամեն օր նշված վայր են այցելում ոչ միայն տեղաբնակներ, այլ նաև Երևանից, հանրապետության տարբեր մարզերից ու Արցախից ժամանած քաղաքացիներ։  

Երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական խուժանը, հետո՝ նրանց միացած վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախ աշխարհի վրա, բազմաթիվ հերոոսածին մայրերի հերոս որդիներ, առանց վարանելու, միացան արցախյան գոյատևման պայքարին. որպես կամավորներ՝ մեկնեցին Արցախ՝ իրենց պայքարը մղելու թշնամու դեմ։ Այդ հերոս ու արդեն լեգենդ դարձած տղաներից էին Հադրութի հրամանատար Հայկ Կիրակոսյանը, նրա զինակից ընկերներ Սևակ Ալեքսանյանը, Հովհաննես Բեյբությանը, Տիգրան Գալստյանն ու Համբարձում Կիրակոսյանը։ Բոլորն էլ Արագածոտնի մարզի Արագած գյուղից էին։

Ցավոք, վերջիններս նույնպես նահատակվեցին՝ իրենց պարտքը կատարելով հայրենիքի հանդեպ, ու հիմա նրանց հիշատակը վառ պահելու նպատակով Արագած գյուղի մի խումբ նվիրյալներ, ովքեր կռվի այդ թեժ օրերին հաճախակի են եղել առաջնագծում ու նաև մասնակցել մարտական գործողություններին, որոշում են կառուցել այս հուշարձան-կոթող-խաչքարը, ու Արտակ Տոնոյանը, Գագիկ Պողոսյանը, Եգոր Կարապետյանը, Նվեր Թորոյանը, Տիգրան Շահբազյանը, Հենրիկ Հարությունյանը, Ֆրունզիկ Ղուկասյանը, Սերգեյ Ավետիսյանը և Գեղամ Գրիգորյանը, հանդես գալով որպես ծրագրի հեղինակներ ու հովանավորներ, կյանքի են կոչում այս վեհ գաղափարը ու սեպտեմբերի 27-ին պատերազմի առաջին տարելիցին ընդառաջ գյուղում բացվում է «Հայրենյաց նահատակներ» հուշակոթող-խաչքարը, որը բացեցին զոհվածների հարազատները։

Մինչ հոգևոր հովվի կողմից օծելը, ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին բոլոր նահատակված հերոսների հիշատակը, ապա ծաղիկներ խոնարհեցին։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 355+
355+

Նմանատիպ նյութեր