211652_close_icon
views-count1200 դիտում article-date 16:57 31-10-2022

Շարունակելու ենք անզիջում պայքարն Արցախի ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչման ուղղությամբ. «Հայրենիք»

Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությանն արձագանքել է ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը, որի տարածած հայտարարության մեջ ասված է.

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ս.թ. հոկտեմբերի 30-ին տարածած հայտարարությունը հայկական երկու պետությունների և մեր ազգի երկարաժամկետ անվտանգության ապահովման տեսանկյունից ունի չափազանց կարևոր նշանակություն։

Հաշվի առնելով, որ հայտարարության մեջ արտահայտված է Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ Արցախի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի միասնական դիրքորոշումը, այսինքն, ըստ էության, Արցախի Հանրապետության ամբողջ ժողովրդի ներկայացուցչական մարմնի միահամուռ կարծիքը,  միջազգային հանրության անդամ բոլոր դերակատարները Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը միտված իրենց միջնորդական առաքելությունն իրականացնելիս պետք է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման համար որպես ելակետներ ընդունեն՝

• Ադրբեջանական Հանրապետության կազմում որևէ ձևով Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի գոյության անհնարինությունը՝ հաշվի առնելով Բաքվի վարչախմբի բռնապետական մարդատյաց և ցեղասպան բնույթը,

• Արցախի Հանրապետության ժողովրդի Ադրբեջանական Հանրապետության կազմից դուրս ինքնորոշման արդեն իսկ իրացված անքակտելի իրավունքի ճանաչումը։

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր արցախցիները հոկտեմբերի 30-ի հայտարարությանը հաղորդել են բացառիկ լեգիտիմություն և ժողովրդականություն, ինչի արդյունքում և հայտարարության տեքստին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության որևէ իշխանություն իրավունք չունի և չի կարող ունենալ հրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորը լինելու և Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս ինքնորոշման միջազգային ճանաչման համար պայքարելու համահայկական առաքելությունից։

«Հայրենիք» կուսակցությունը, վերահաստատելով իր հավատարմությունը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման մեջ ամրագրված սկզբունքներին և դրանք համարելով համահայկական գերակա ու անանց արժեքներ, հայտարարում է՝

•Մենք շարունակելու ենք անզիջում պայքարն Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչման և նրա անվտանգության լիարժեք վերականգման ուղղությամբ, որի ապահովման առանցքային դերակատարը դաշնակից և բարեկամ պետությունների աջակցությամբ պետք է կրկին դառնա Հայաստանի Հանրապետությունը,

•Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծումը Հայաստանի Հանրապետության անվտանգային ճարտարապետության վերականգնման և դրա հզորացման կարևորագույն ու անքակտ բաղադրիչ է՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող հայ ժողովրդի բոլոր հատվածների համար գոյութենաբանական և նաև պատվի խնդիր, ուստի վեր է կուսակցական կամ քաղաքական դաշտում առկա ցանկացած տարբերությունից, ինչի գիտակցումն էլ բոլոր առողջ ազգային ուժերին պետք է մղի հանուն Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգության և հետագա հզոր գոյության վերկուսակցական սկզբունքային պայքարի»։

Նմանատիպ նյութեր