211652_close_icon
views-count649 դիտում article-date 20:42 28-10-2022

ԵԱՀԿ աջակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները մասնակցել են վերապատրաստման

Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում 2022 թվականի հոկտեմբերի 25-ից 28-ը Երևանում անցկացվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված երկրորդ վերապատրաստումը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիան կոմիտեից, այն կազմակերպվել է ԵԱՀԿ քարտուղարության Տնտեսական և բնապահպանական գործունեության հարցերով ԵԱՀԿ համակարգողի գրասենյակի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության ու Հակակոռուպցիոն կոմիտեի համատեղ ջանքերով և իրականացվել շվեյցարական կողմի ֆինանսավորմամբ:

Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ աշխատակիցների վերապատրաստումն ուղղված էր կոնկրետ ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի գնահատման ու հայտնաբերման, ընտրակաշառքի, ֆինանսատնտեսական բնույթի հանցագործությունների ու փողերի լվացման սխեմաների քննության, միջգերատեսչական համագործակցության և այլ թեմաների վերաբերյալ նրանց գիտելիքների ու հմտությունների խորացմանը։

Անդրադառնալով նշված վերապատրաստումների կարևորությանը` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանն իր բացման խոսքում շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ներկայացուցիչներին սերտ համագործակցության և Կոմիտեի կազմավորումից ի վեր ԵԱՀԿ–ի հետ տարվող արդյունավետ աշխատանքի համար: Մ. Բաբայանը համոզմունք է հայտնել, որ նման հարուստ փորձ ունեցող մասնագետների կողմից իրականացվող վերապատրաստումը լավագույնս կանդրադառնա Կոմիտեի օպերատիվ աշխատողների մասնագիտական հմտությունների զարգացման վրա:

ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, հանդիպել Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք հույս են հայտնել, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԵԱՀԿ-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի, իսկ վերապատրաստումների արդյունքում նոր գիտելիքների ձեռքբերումն ու լավագույն փորձի ներդրումը կնպաստեն նորաստեղծ կառույցի ներուժի ամրապնդմանը:

Նմանատիպ նյութեր