211652_close_icon
views-count1889 դիտում article-date 17:06 25-10-2022

ԿԳՄՍ փոխնախարարն ԱՄՆ-ում մասնակցել է «Հայաստանի խոստում» խորագրով համաժողովին

ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 23-27-ը գործուղվել է Ամերիկայի միացյալ նահանգներ՝ մասնակցելու «Հայաստանի խոստում» խորագրով կրթական համաժողովին: Հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Համաժողովն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության, «Դասավանդի'ր, Հայաստան» ՀԿ-ի, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) կրթության և տեղեկատվական հետազոտությունների դպրոցի, ինչպես նաև՝ «Փրոմիս» հայկական ինստիտուտի կազմակերպմամբ:  

Ժաննա Անդրեասյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել հյուրընկալող կողմին՝ կրթության ոլորտում շարունակական և արդյունավետ համագործակցության հնարավորություն ընձեռելու համար: Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջնահերթությունները՝ քննարկվող ոլորտների ռազմավարական առաջնահերթությունների և բարեփոխումների շրջանակներում:

«2021 թ. Կրթության միջազգային օրը նշելիս ՅՈՒՆԵՍԿՕ-ն ուսուցիչներին հերոսներ անվանեց՝ ցույց տալու համավարակի ժամանակ վերջիններիս կողմից իրականացրած աշխատանքը: «COVID-19» համաճարակը, արցախյան վերջին պատերազմը, տարածաշրջանում չվերջացող բռնության ու անվտանգության բազում մարտահրավերները ստեղծում են մի իրավիճակ, երբ բոլորս գիտակցում ենք, որ այս ամբողջին դիմակայելու հիմնական ռեսուրսը կրթությունն է, որը նաև մեր հասարակության ժողովրդավարության մակարդակի ցուցիչն է։ Աշխարհն արագ է փոխվում, փոխվում է նաև կրթությունը. մենք հստակ գիտակցում ենք, որ կրթությունն ավելի քան երբևէ կարող է և պետք է լինի հանրային բարիք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրին» և նշել, որ այն միակ ոլորտային ռազմավարությունն է, որն ունի օրենքի կարգավիճակ ու արդեն հաստատվել է կառավարության կողմից և այժմ քննարկվում է ԱԺ-ում.

«Ըստ ռազմավարության՝ մենք փորձում ենք Հայաստանի յուրաքանչյուր  համայնքի համար հասանելի դարձնել որակյալ և ներառական կրթության, մասնավորապես, նախադպրոցական  կրթության ծառայությունները՝ առաջարկելով  ժամանակակից տեխնոլոգիաներով և լաբորատորիաներով հագեցած ճկուն և անվտանգ միջավայրեր, որտեղ կարևոր է ոչ միայն գիտելիքի, այլև հմտությունների, արժեքների և վերաբերմունքի տրամադրման ձևաչափը: Կարևոր է նշել, որ նոր կրթական բովանդակությունը հիմնված է կրթական էկոհամակարգի համապարփակ ըմբռնման վրա՝ որպես ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջև համակցում և սիներգիա, որպես միասնական ուսումնական միջավայր՝ յուրաքանչյուրի համար սովորելու բազմաթիվ հնարավորություններով»:

Ժաննա Անդրեասյանը խոսել է նաև կրթության ոլորտի ֆինանսավորմանը, ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացմանը, բարեկեցությանը, ինչպես նաև մասնագիտության գրավչության բարձրացմանն ուղղված նախագծերից՝ ընդգծելով, որ համաժողովի ընթացքում հնարավորություն կընձեռվի առավել մանրամասն քննարկել վերհանված հարցերը:

Համաժողովի ընթացքում անցկացվելու են պանելային և խմբային քննարկումներ ու աշխատաժողովներ Հայաստանում կրթության ոլորտի տարբեր ուղղությունների զարգացման վերաբերյալ: Դրանց նպատակն է ներկայացնել աշակերտների, ուսուցիչների և պրակտիկ գործունեություն իրականացնող մասնագետների փորձը՝ բացահայտելով կազմակերպությունների միջև համագործակցության հնարավոր եզրերը և առաջնահերթ ոլորտները:

Համաժողովում ներկայացված են Երևանի պետական համալսարանը, Հայ կրթական հիմնադրամը (AEF), Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ), «ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը», Դիլիջանի միջազգային դպրոցը և այլ կրթական կառույցներ:

Նմանատիպ նյութեր