211652_close_icon
views-count1505 դիտում article-date 09:22 24-10-2022

Ուկրաինային անհրաժեշտ է Մարշալի պլան․ Շոլց և ֆոն դեր Լեյեն

ԵՄ-ն և «Մեծ յոթնյակի» երկրները «արդեն այսօր» պետք է համատեղ մտածեն Ռուսաստանի կողմից սանձազերծած պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնմանը մասնակցելու մասին, և դրա համար անհրաժեշտ է մշակել մի ծրագիր, որն իր ազդեցությունով տնտեսության վրա պետք է համեմատելի լինի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունված «Մարշալի պլանին», ասել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Քաղաքական գործիչների համատեղ հոդվածը հրապարակվել է կիրակի օրը՝ հոկտեմբերի 23-ին Frankfurter Allgemeine Zeitung թերթում։

Շոլցի և ֆոն դեր Լեյենի կարծիքով՝ պատերազմից հետո Ուկրաինան պետք է արագ «ոտքի կանգնի» և վերականգնի տնտեսությունը, և այս վերակառուցման նախագիծը կորոշի, թե ինչպիսի երկիր կդառնա Ուկրաինան ապագայում։ «Պատմական իրադարձությունների հետ համեմատության մեջ միշտ պետք է զգույշ լինել, բայց սա ոչ այլ ինչ է, քան 21-րդ դարի նոր Մարշալի պլանի ստեղծում»,- ասվում է հոդվածում։

Քաղաքական գործիչները թվարկել են այն տարածքներն ու ենթակառուցվածքները, որոնք ավերվել են ռուսական զորքերի կողմից։ Պահանջվում է վերականգնել Ուկրաինայի տնտեսությունը՝ բնակելի շենքեր, դպրոցներ, ճանապարհներ, կամուրջներ և էներգիայի մատակարարում:  

Ըստ եվրոպացի քաղաքական գործիչների՝ ոչ Ուկրաինան, ոչ նրա առանձին գործընկերները չեն կարողանա հաղթահարել ռուսական զորքերի գնդակոծության կործանարար հետևանքները, ուստի ԵՄ-ն, G7-ը և իրենց սահմաններից հեռու գործընկերները, ինչպես նաև մասնավոր ներդրողները և ընկերությունները պետք է համատեղ մասնակցեն Ուկրաինայի վերականգնման գործում։ Միաժամանակ պետք է ստեղծվի արդյունավետ վերահսկող մարմին՝ ծրագրի իրականացման ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարելու համար։ Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, «Ուկրաինայի վերականգնման ճանապարհը նաև նրա ճանապարհն է դեպի Եվրամիություն»։

Նմանատիպ նյութեր