211652_close_icon
views-count1029 դիտում article-date 22:02 20-10-2022

Սևանի համայնքապետն ընդունել է միջազգային մրցաշարերում հաղթած սևանցի առագաստանավորդներին

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն ընդունել, շնորհավորել եւ հուշանվերներով պարգեւատրել է միջազգային մրցաշարերում վերջերս նշանակալի հաղթանակներ գրանցած սեւանցի առագաստանավորդներ Նարե Սուքիասյանին, Միքայել Դավթյանին, Ավետիք Մաթևոսյանին,  Տիգրան Գրիգորյանին, նրանց մարզիչ Սմբատ Հակոբյանին եւ Սեւանի առագաստանավային մարզադպրոցի տնօրեն Արսեն Ավետիսյանին։

Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից,  հերթական մարզական աշունը Սեւանի առագաստանավային մարզադպրոցի սաների համար ոչ միայն հագեցած է եղել միջազգային տարբեր մրցաշարերով, այլ նաեւ՝ նվաճած մեդալներով. 2022 թվականի հոկտեմբերին ՌԴ Սեւաստոպոլ քաղաքում անցկացված «Սևաստոպոլյան առագաստներ» միջազգային մրցումներին  օպտիմիստ դասում, շատ բարդ պայքարում, աղջիկների մեջ առաջին տեղը զբաղեցրել  եւ ոսկե մեդալը Սեւան է բերել Նարե Սուքիասյանը, իսկ լազեր 4,7 դասում երրորդ մրցանակային տեղն է զբաղեցրել սեւանցի մյուս մասնակիցը` Միքայել Դավթյանը։

Հայաստանի պատանի առագաստանավորդների երկրորդ թիմը մասնակցել է Թբիլիսիի բաց առաջնությանը, որտեղից եւս մեր մարզիկները վերադարձել են տպավորիչ հաղթանակով: Օպտիմիստ դասում առաջին տեղը գրավել եւ ոսկե մեդալով պարգեւատրվել է Ավետիք Մաթևոսյանը, իսկ Տիգրան Գրիգորյանը նույն դասում արժանացել է բրոնզե մեդալի:

Համայնքի ղեկավարը պատանի առագաստանավորդների շնորհավորել է տպավորիչ հաղթանակների առթիվ:

«Իմ պատանի բարեկամներ, ես ոգեւորված եմ ձեր գրանցած արդյունքներով, որը, համոզված եմ, ջանադիր աշխատանքի, ամենօրյա մարզումների եւ նպատակասլացության արդյունք է: Առագաստանավային մարզադպրոցում էլ իրականացվող աշխատանքները մարզիկների գրանցած արդյունքների լավագույն երաշխիքն են: Համոզված եղեք, որ տեղական իշխանությունը կանգնած է ձեր կողքին, պատրաստակամ` օգնելու եւ աջակցելու ցանկացած հարցում: Կարծում եմ` այս արդյունքներով չեք բավարարվելու եւ մեզ ուրախացնելու եք նորանոր հաղթանակներով, ու ձեր շնորհիվ է նաեւ, որ Սեւանը դառնալու է աշխարհում ճանաչելի եւ ներկայանալի»,- ասել է  համայնքի ղեկավարը: