211652_close_icon
views-count709 դիտում article-date 13:46 20-10-2022

ԵՄ-ն 23 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական զարգացման համար

Կառավարության ասյօրվա նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ  Եվրամիությունը 23 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ուղղված ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգմանն ու զարգացմանը:

Ներկայացնելով «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագիրը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ  ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ստեղծմանը, զարգացմանը և գործող բիզնեսների վերականգնմանը:

«Այս բաղադրիչի ներքո շուրջ 1500 միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ և անհատ ձեռնարկատերեր կարողությունների զարգացման աջակցությամբ կստանան դրամաշնորհներ բիզնեսի արտադրողականության բարձրացման և ԵՄ շուկա արտահանման խթանման նպատակով»,-ասաց նա:

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ թիրախային աջակցություն կտրամադրվի կանանց և երիտասարդների շրջանում գործարար կարողությունների զարգացմանը և բիզնես նախաձեռնությունների ֆինանսավորմանը: Կֆինանսավորվեն նաև Սյունիքի մարզում գյուղատնտեսական ենթակառուցվածքների` այդ թվում արոտավայրերի  հասանելիությանը և ոռոգման համակարգերի վերականգնմանն ուղղված նախաձեռնություններ»,-ասաց փոխվարչապետը՝ հավելելով, որ կֆինանսավորվի նաև Գյումրիում խոհարարության և հյուրընկալության կառավարման դպրոցի և ձեռնարկատիրական կենտրոնի հիմնադրման նախաձեռնությունը:

Համաձայնագրով աջակցություն կտրամադրվի նաև Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի արդիականացմանը, աշխատակիցների կարողությունների զարգացմանը,  աշխատանքի և սոցիալական պաշտպանության ռազմավարության  և միասնական սոցիալական ծառայությունների  զարգացման մշակմանն ու իրականացմանը, ինչպես նաև Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխան հաշմանդամության գնահատման և համապատասխանության որոշման համակարգի ներդրմանը:

«Օժանդակություն կտրամադրվի նաև միասնական սոցիալական ծառայությունների կենտրոններին` տեխնիկական հագեցման  նպատակով: Թիրախային աջակցություն կտրամադրվի Արցախից տեղահանված անձանց ինտեգրման և սոցիալ-հոգեբանական աջակցության նախաձեռնություններին»,- հավելեց Մհեր Գրիգորյանը: