211652_close_icon
views-count3836 դիտում article-date 21:22 18-10-2022

Մինչև 2 տարեկան երեխայի ծնողը կշարունակի նպաստ ստանալ նաև այն դեպքում, երբ վերադառնա աշխատանքի. Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Պետական նպաստների մասին» օրենքում

Գործող կարգավորմամբ եթե ծնողը խնամքի արձակուրդում է և երեխայի մինչև երկու տարին լրանալը վերադառնում է աշխատանքի, այդ պահից դադարեցվում է նպաստի վճարումը: Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է սահմանել, որ մինչև երկու տարեկան երեխայի ծնողը կշարունակի նպաստը ստանալ նաև այն դեպքում, երբ վերադառնա աշխատանքի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող և մինչև երկու տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող լինելու հանգամանքից: Օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո: Ընդ որում, վարձու աշխատողների և գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչեւ 2023 թ. հունվարի 1-ը, իսկ գյուղաբնակ ծնողի դեպքում՝ նաև եթե դիմումը ներկայացվել է մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը:

Դրույթներից մեկով խնամքի նպաստի չափը սահմանում է գործադիրը: Ըստ այդմ՝ նախատեսվող գումարների չափը կազմում է 37.500 դրամ (աշխատող մայրերի համար) և 31.000 դրամից մի փոքր ավելի (չաշխատող մայրերի համար):

Օտարերկրյա քաղաքացի ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե բավարարում է սահմանված պայմաններին և երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է ՀՀ-ում բնակության վայրի հասցեով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո ներկայացվել են խմբագրական և տեխնիկական առաջարկներ, որոնք ընդունվել են:

ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներով գործադիրը սահմանում է պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար լրավճար սահմանելու մասով ուղիղ լիազորող նորմ:

Բարձրլեռնային բնակավայրերի շարքին են դասվում ծովի մակերևույթից 2.000 և ավելի մետր բարձրության վրա գտնվող բնակավայրերը:

Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի՝ առաջին ընթերցումից հետո ներկայացված խմբագրական և տեխնիկական բնույթի երկու առաջարկն ընդունվել է:

Այս հարցերը երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 18-ի նիստում:

Նմանատիպ նյութեր