211652_close_icon
views-count77344 դիտում article-date 19:55 17-10-2022

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, հայր ու որդի հիվանդանոցում մահացել են, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 31 կմ հատվածում՝ Ակնալիճ գյուղի սկզբնամասում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 41-ամյա Էդգար Նազարյանի վարած Mercedes մակնիշի 77 DF 777 համարանիշի և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» ԲԿ, իսկ ուղևորը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ «Վաղարշապատ» ԲԿ, Mercedes-ի վարորդն էլ տեղափոխվել է Երևանի «Նաիրի» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզի թիվ 27 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հենրի Կոստանյանը տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Գաբրիելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ավետիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանն ու բաժնի պետ օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը։ 

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, «Վաղարշապատ» և «Արմավիր» ԲԿ-ներից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ իրենց մոտ տեղափոխված վիրավորները, գիտակցության չգալով, մահացել են։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների,  մահացածների ամբողջական տվյալները։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները հայր ու որդի են։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր