211652_close_icon
views-count1085 դիտում article-date 13:49 17-10-2022

Բալթյան երկրները կոչ են անում ստեղծել հատուկ տրիբունալ Ռուսաստանի համար

Էստոնիան, Լատվիան և Լիտվան ԵՄ-ին կոչ են արել միջազգային գործընկերների հետ միասին ստեղծել հատուկ տրիբունալ՝ հետապնդնելու համար Ռուսաստանին ռազմական ագրեսիայի համար։ Այս մասին նշվել է 3 երկրների արտաքին գործերի նախարարների՝ Լիտվայի ԱԳՆ-ի կայքում հրապարակված համատեղ հայտարարությունում, տեղեկացրել է Немецкая волна-ն։

«Կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, որը մենք բոլորս փորձում ենք պաշտպանել, չի կարող գոյատևել, եթե անպատիժ մնան այն գործողությունները, որոնք ամենաաղաղակող ձևով խախտում են այն՝ ցեղասպանություն, ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ և ագրեսիայի հանցագործություններ»,- նշվել է փաստաթղթում։

Նախարարները նշել են, որ ԵՄ-ը պետք է շարունակի աջակցել այն հետաքննություններին, որոնք իրականացնում են Ուկրաինան եւ մի շարք այլ պետություններ, ինչպես նաեւ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ), «քանի որ նրանք կարեւոր դեր են խաղում ապացուցողական նյութերի հավաքման, Ուկրաինայում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների, ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների մեղավորներին պարզելու եւ պատժելու գործում»։

«Հատուկ տրիբունալի ստեղծումը կլրացներ ՄՔԴ-ի գործունեությունը։ Մինչ ՄՔԴ-ն կհետապնդի անձանց ռազմական հանցագործությունների, ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների համար, հատուկ տրիբունալի հիմնական պատասխանատվությունը կդառնա ՌԴ բարձրագույն քաղաքական եւ զինվորական ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելն ագրեսիայի հանցագործության համար»,- նշել են ԱԳՆ ղեկավարները։ Նրանք ընդգծել են, որ «արյունալի ագրեսիայի գլխավոր ոգեշնչողները, սադրողներն ու կազմակերպիչները չպետք է խուսափեն պատասխանատվությունից»։

Նմանատիպ նյութեր