211652_close_icon
views-count27451 դիտում article-date 10:05 16-10-2022

Պարզվել է՝ Ապարանի զինկոմի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով կան նաև վիրավորներ, բախվել էին զինկոմի «Նիվա»-ն ու Արդարադատության նախարարության «ՊԱԶ»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 14-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ «ՊԱԶ»-ը վարել է Երևանի բնակիչ՝ 70-ամյա Սուրեն Գրիգորյանը, իսկ «ՎԱԶ 2121»-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ՝ 47-ամյա Արա Քոչարյանը։ 

Վթարի հետևանքով «Աստղիկ» ԲԿ բուժօգնության են դիմել «ՊԱԶ»-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 54-ամյա Անահիտ Հարությունյանը, 75-ամյա Ռիմա Բալաչյանը, 31-ամյա Տաթևիկ Զաքարյանը և 35-ամյա Արամ Հարությունյանը։

«Ապարան» ԲԿ էր տեղափոխվել Նիվայի վարորդ Ա. Քոչարյանը, ով Ապարանի զինկոմն է։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան և ՊԱԶ մակնիշի ավտոբուսը։

Վթարի հետևանքով 1 հոգի միջին ծանրության ախտանիշով տեղափոխվել է «Աշտարակ» ԲԿ։

Վիրավորին առաջինը օգնության են հասել ՊԱԶ-ի վարորդն ու այնտեղ գտնվող ուղևորները, ապա օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Վերջիններս վիրավորին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխեը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեսքանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր