211652_close_icon
views-count1466 դիտում article-date 10:13 14-10-2022

Կենտրոնական Ասիան առաջնահերթությունների թվում է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «2022 թ. սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ասիայի, Խաղաղ օվկիանոսի, Կենտրոնական Ասիայի եւ զենքի չտարածման հարցերով ենթահանձնաժողովը (արտաքին հարաբերությունների հանձնաժողով) լսումներ էր անցկացրել «Միացյալ Նահանգների ներգրավվածության ավելացումը Կենտրոնական Ասիայում» թեմայով։ Զեկուցումներով հանդես էին եկել ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատորի օգնականի տեղակալ Անջալի Կաուրը եւ ԱՄՆ պետքարտուղարի Հարավային եւ Կենտրոնական Ասիայի հարցերով օգնական Դոնալդ Լուն՝ ներկայացնելով տարածաշրջանում ԱՄՆ դիրքերն ամրապնդելու նախադրյալներն ու Կենտրոնական Ասիայում առաջիկա առաջնահերթությունները։

Վերջին երեք տասնամյակների ընթացքում Միացյալ Նահանգներն ավելի քան 9 միլիարդ դոլարի ուղղակի օգնություն է տրամադրել Ղազախստանին, Ղրղզստանին, Տաջիկստանին, Թուրքմենստանին եւ Ուզբեկստանին։ Որպես առաջնահերթ խնդիր դիտարկվում է Ռուսաստանից եւ Չինաստանից տարածաշրջանի տնտեսական կախվածության նվազեցումը։ Նշենք, որ ԱՄՆ ՄԶԳ-ի 2023 ֆինանսական տարվա բյուջեով 198.3 միլիոն դոլար է նախատեսված Կենտրոնական Ասիայի համար, ինչը 34 տոկոսով ավելի է 2022 ֆինանսական տարվա հայտից: Այդ միջոցները, մասնավորապես, ուղղվելու են Կենտրոնական Ասիայի երկրների անապահով ընտանիքներին օգնելուն, տարածաշրջանային համախմբվածության բարձրացմանն ու տնտեսության դիվերսիֆիկացմանը։

Բնականաբար, ռուսական եւ չինական ազդեցության դեմ պայքարն այնքան էլ հեշտ չի լինելու։ Ե՛վ Չինաստանը, ե՛ւ Ռուսաստանը ռազմավարական գործընկերություն են պահպանում Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների հետ։ Միայն 2010-2021 թթ. ռուսական կուտակված ներդրումների ծավալը կազմել է մոտ 30.5 մլրդ դոլար։ Կենտրոնական Ասիայի երկրներում գործում են ավելի քան 10 հազար ռուսական եւ համատեղ ձեռնարկություններ՝ ապահովելով 900 հազար աշխատատեղ։ Չինական ներդրումների ընդհանուր արժեքը մինչեւ 2020 թ. վերջը մոտեցել է 40 մլրդ ԱՄՆ դոլարին։ 2021 թ. վերջի դրությամբ Կենտրոնական Ասիայում գործում էր 7700 չինական ընկերություն։ Մինչեւ 2030 թ. Պեկինը մտադիր է տարածաշրջանի հետ առեւտուրը հասցնել 70 մլրդ ԱՄՆ դոլարի»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր