211652_close_icon
views-count1343 դիտում article-date 23:02 11-10-2022

Մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ փոստային բացիկ՝ նվիրված «Մշակ» շաբաթաթերթի հիմնադրման 150-ամյակին

Հոկտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ակադեմիայում մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ փոստային բացիկ՝ նվիրված «Մշակ» շաբաթաթերթի հիմնադրման 150-ամյակին:

Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է «Մշակ» շաբաթաթերթի առաջին թողարկման շապիկը: Բացիկի ձախ հատվածում պատկերված են «150-ԱՄՅԱԿ» և «ՄՇԱԿ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ» գրառումները՝ հայերեն և անգլերեն:

Բացիկի դարձերեսին պատկերված է 1922 թվականի Թիֆլիսը, ինչպես նաև՝ էջեր «Մշակ» շաբաթաթերթից և Վաղարշակ Էլիբեկյանի ««Մշակի» խմբագրությունը Թիֆլիսում» կտավը: Տպագրվել է 1000 հատ տպաքանակով: Դիզայնի հեղինակն է Դավիթ Դովլաթյանը:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, փոստային բացիկի մարումն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հայ պարբերական մամուլի և հասարակական մտքի պատմության բաժնի վարիչ Ալբերտ Խառատյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, անդրադառնալով 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի պարբերական մամուլի դերակատարությանը, նշել է, որ այն եղել է հանրային կյանքի բոլոր ազդակների, փոխակերպումների ամենալիարժեք արտացոլումը և հանրային կյանքի, հաղորդակցության ակտիվ հարթակներից մեկը:

«Պարբերական մամուլի այդ շարքում «Մշակը», իհարկե, բացառիկ տեղ ունի, և պատկերացնել հայ մշակույթը, քաղաքական մտքի ձևավորումը, հասարակական գործընթացները, գեղագիտական դրսևորումները, առանց ծանոթ լինելու «Մշակում» հրապարակված նյութերի, ուղղակի անհնար է: Ավելին, «Մշակը» այդ ժամանակաշրջանի, իր գոյության ընթացքում տեղի ունեցող գործընթացների լիարժեք ամրագրումն է, և առանց այդ պարբերականի էջերը թերթելու մենք շատ թերի պատկերացում կունենանք ընդհանրապես մեր՝ որպես ազգային միավորի մասին: Մեր բոլոր առավելություններն ու ուժեղ կողմերը, ինչպես նաև բոլոր վրիպումներն արտացոլված և ամրագրված են պարբերական մամուլում և հենց «Մշակ» թերթի էջերում: «Մշակի» էջերում հանդես են եկել ժամանակի ամենահայտնի և առաջատար մտավորականները՝ Շիրվանզադեն, Գաբրիել Սունդուկյանը, Րաֆֆին, ուրիշ մեծեր և հանրաճանաչ անուններ: «Մշակն» ահռելի դերակատարում է ունեցել Հայոց ցեղասպանության միջազգայնացման, հանրայնացման գործում: «Մշակի» էջերում են ներկայացվել, լուսաբանվել Ցեղասպանության իրողություններն ու հետևանքները, այս պարբերականի միջոցով են արհավիրքի տարիներին փնտրել և գտել միմյանց կորցրած հարազատները: «Մշակը» բովանդակային իմաստով եղել է մեր հանրային կյանքի ջերմաչափը, որի միջոցով այսօր՝ ժամանակի հեռավորությունից 150 տարի հետո, գնահատում, վերաիմաստավորում ենք «Մշակի» էջերում հայտնված նյութերը, դրանով իսկ վերաիմաստավորելով ինքներս մեզ և մեր պատմությունը: Այնպես որ ինքնությունը ճանաչելու և ձևակերպելու, ազգային ինքնաճանաչման տեսակետից «Մշակը» երբեք չի կորցնի իր հետաքրքրությունն ու արդիականությունը»,- եզրափակել է Արա Խզմալյանը:

«Ինքնությունը ձևակերպելու և ազգային ինքնաճանաչման տեսակետից «Մշակը» երբեք չի կորցնի իր հետաքրքրությունն ու արդիականությունը». Արա Խզմալյան

Նմանատիպ նյութեր